ՈՉ ՄԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ՇՈ՛ՒՐԱ, ՄԻԱՅՆ ԱՏԿԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արտաքին պարտքը վերջին տարիներին աճել է երկրաչափական պրոգրեսիայով: 2009թ. ՀՀ արտաքին պարտքը կազմել է 2.9 մլն դոլար, 2010-ին` 3.2 մլն դոլար, 2011-ին` 3.5 մլն դոլար, իսկ 2012թ. այդ թիվը հասել է 4.7 մլն դոլարի: Ընդ որում, այդ պարտքի զգալի մասը գոյացել է վարկային ծրագրերից: Այսինքն` ՀՀ կառավարությունն այլ պետություններից, օտարերկրյա կազմակերպություններից պարտքով գումար է խնդրել, բնականաբար` որոշակի տոկոսադրույքով, որպեսզի այստեղ ինչ-որ ծրագրեր իրականացնի:  Թե որքանով են արդյունավետ ծախսվում այդ վարկային միջոցները, դժվար չէ կռահել: ՀՀ վերահսկիչ պալատի կայքում տեղադրված են մի շարք ոլորտներում վարկային միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունների հաշվետվությունները: Պատկերը, մեղմ ասած, անհուսալի է:
Եվ այսպես, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ “Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկն իրականացրել է “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր” եւ “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում” ծրագրերը: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 20.4 մլրդ դրամ: ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ստուգված թվով 8 օբյեկտներում արձանագրվել է 49 մլն 766 հազար դրամի խախտում: Այդ գումարի մի մասը` 2.6 մլն-ն եղել են ծավալային հավելագրումները, իսկ 47,1 մլն դրամի անորակ աշխատանք է իրականացվել: ՎՊ-ն նաեւ փաստում է, որ բազմաթիվ են նախագծանախահաշվային փաստաթղթերում խախտումները, նաեւ թերի են կազմված եղել շինարարական աշխատանքների ակտերը, շատ դեպքերում չի իրականացվել տեխնիկական հսկողություն:
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով կրթության ոլորտին վերաբերող բազմաթիվ ծրագրեր է իրականացրել նաեւ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ը: Այս ընկերության աշխատանքներում ՎՊ-ն լուրջ չարաշահումներ է հայտնաբերել: Օրինակ՝ պարզվել է, որ մեկ դաստիարակի 21-ժամյա վերապատրաստման համար ծախսել է 80 հազ. դրամ, այնինչ, վերապատրաստման փորձ ունեցող “Կրթության ազգային ինստիտուտ” ՓԲԸ-ի կողմից իրականացվող 30-ժամյա վերապատրաստման ծախսը մեկ անձի հաշվով կազմում է 15 հազ. դրամ: Ասել է թե՝ վերապատրաստման ծրագիրը մոտ 5 անգամ ավելի է հաշվվել: ՎՊ հաշվետվության համաձայն՝ այդպես վերապատրաստում է անցել 194 հոգի: Դեռ ավելին, ըստ ՎՊ հաշվետվության՝ այստեղ իրականացվել են այնպիսի ծախսեր, որոնք վերապատրաստման բուն գործընթացի իրականացման հետ հիմնականում առնչություն չեն ունեցել: ՎՊ-ն նաեւ բացահայտել է, որ 105 ավագ դպրոցների գրադարանները գրքերով համալրելու նպատակով ,Անտարեսե ՍՊԸ-ի կողմից մատակարարված 14 անուն գրքերի գները շուկայականից 1.5-2 անգամ բարձր են եղել, այնինչ մեծաքանակ գնումների դեպքում պետք է որ գրքերի գինը հաշվվեր ավելի քիչ:  Եվ այդպես ԾԻԳ-ի կողմից ձեռք է բերվել 148.7 մլն դրամի գիրք:
Վարկային միջոցներով ծրագրեր է իրականացրել նաեւ Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակը: Այստեղ էլ ՎՊ-ն բացահայտել է, որ ԾԻԳ-ը, առանց շինարարական պայմանագրերի փոփոխության կամ լրացուցիչ համաձայնագրեր կնքելու, կապալառուներին վճարել է պայմանագրային արժեքից 223,8 մլն դրամից ավելի գումար: Այս ԾԻԳ-ը շուկայական արժեքից երկու անգամ բարձր գնով ձեռք է բերել վճարային համակարգով հագեցած տերմինալներ, եւ ՎՊ համաձայն՝ իրականացվել է 185 մլն դրամի ոչ նպատակային, անարդյունավետ ծախս: Այս ԾԻԳ-ը 2.5-ից 3 անգամ բարձր գնով գնել է աթոռներ եւ արդյունքում 28,5 մլն դրամի անարդյունավետ ծախս իրականացրել: “Ընդհանուր առմամբ, դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի իրականացման ընթացքում ԾԻԳ-ը չի ապահովել Համաշխարհային բանկի գնման ուղեցույցի 1.2 հոդվածով սահմանված առաջնային պահանջը` ծրագրի խնայողաբար եւ արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը”,-նշել է ՎՊ-ն:
Լուրջ խախտումներ են հայտնաբերվել նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակում եւ ծրագրերի իրականացմանն առնչվող այլ օբյեկտներում: Ըստ ՎՊ-ի` մերժման ենթակա աշխատանքների դիմաց “Իջեւանի ՃՇՇ”-ին վճարվել է 12,9 մլն դրամ, ինչը չպետք է արվեր: Բացի այդ, “Իջեւանի ՃՇՇ”-ի եւ “Արարատ ճանշին”-ի կողմից իրականացվել են 15,1 մլն դրամի անորակ աշխատանքներ։ ՎՊ-ն փաստում է, որ նախահաշիվներում կիրառվել են ոչնչով չհիմնավորված, այդ աշխատանքների իրական արժեքները զգալիորեն գերազանցող արժեքներ, ինչը հանգեցրել է նախահաշվային արժեքների էական ավելացման։ Բացի այդ, օգտագործվել են ԳՕՍՏ-ով նախատեսվածից ավելի ցածր մարկայի ասֆալտբետոնյա խառնուրդներ։
Վերոհիշյալ փաստերը ՀՀ ՎՊ հաշվետվություններում ներկայացվածի միայն մի մասն են, իսկ իրականում վարկային միջոցները հիմնականում “ատկատների” տեսքով մսխվել են շատ ավելի անխիղճ կերպով: Իսկ օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից վերցված այդ վարկերի պարտքը պետք է վերադարձնենք մենք եւ մեր սերունդները, բնականաբար, մեր գրպանից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 535 համար




Լրահոս