Արա Աբրահամյանի` Հայաստանում ունեցած փուչ կերպարից փորձում են մարդ սարքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին  հայաստանյան ամենադիտվող հեռուստաընկերություններից մեկի եթերով Արա Աբրահամյանի մեծարումն էր՝ հարց լուծող մարդ, համարձակ կերպար, օրինակելի որդի, փայլուն ամուսին եւ մեծ հումանիստ: Հաղորդման նպատակը Հայաստանում ունեցած փուչ կերպարից մարդ սարքելն էր:

Իհարկե, եթե այս եւ սպասվող նմանատիպ հաղորդումները հեռարձակվեին, օրինակ, մոտ մեկ տարի առաջ, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ կասկածի տակ դնել Արա Աբրահամյանի գործունեության որեւէ դրվագ կամ փնտրել պատճառներ, թե ինչու է Արա Աբրահամյանը երեսով տալիս իր կատարած աշխատանքը: Ընդհակառակը, կողջունվեր նրա գործունեությունը, ինչպես ռուսաստանաբնակ շատ մեծահարուստների դեպքում: Բայց հիմա, երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ցանկություն ունի մտնել հայաստանյան քաղաքական դաշտ ու որոշակի դերակատարություն ստանձնել, արդեն ակնհայտ է, որ շոուն կազմակերպվել է ՀՀ քաղաքացու քվեն մուրալու հեռահար նպատակով:

Նախ ֆիլմում երեւում է Արա Աբրահամյանը «սպարտիվկաներով»` խոսում իր դառը մանկությունից, չքավոր ապրելակերպից, որ կոշիկ չի ունեցել` դպրոց գնա, լացել է կոշիկի համար, այնուհետեւ խոսում է նպատակասլացությունից եւ իր ընտանիքից` բացառապես ծնողներին, առավելապես մորը հիշատակելով: Ֆիլմի ոչ մի դրվագում չկային Արա Աբրահամյանի եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ, իսկ Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ: Ընդ որում, Գագիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից ու անդամակցել իր հարազատ եղբոր կողմից ստեղծվելիք կուսակցությանը: Այլ կերպ ասած, նույնիսկ գովազդային ֆիլմից նկատելի էր, որ Արա Աբրահամյանն իր ընտանիքում այսօր խնդիրներ ունի. 4 եղբայրներով կարծես թե այնքան էլ հաշտ չեն:

Փոխարենը ռուսազգի տիկինն է հիացած իր ամուսնով, որը հարցազրույց էր տալից մե՛կ տանը, մե՛կ «յախտայի» վրայից: Ե՛ւ ամուսինը ե՛ւ տիկինն անվերջ խոսում էին, որ իրենք շատ ծանր պայմաններում են ապրել ու հիմա ամեն ինչ ունեն, դժվարությունները հետեւում են մնացել: Նկատենք, որ բացի հին նկարներից ու Արա Աբրահամյանի խոսքերից, որ դուստերը ԱՄՆ-ում են ապրում եւ սովորում, որեւէ այլ տեղեկություն երեխաների մասին էլ չհնչեց: Հավանաբար Արա Աբրահամյանը ազդված է հայաստանյան բլոգոլորտում հնչած քննադատություններից` ուղղված իր դստերը, որը կիսամերկ հոլովակներ էր նկարահանել ԱՄՆ-ում եւ տեղադրել համացանցում:

Ինչեւէ, հիմա դառնանք Արա Աբրահամյանի գործունյա կերպարին: Նա ֆիլմում հնարավորինս ցուցադրում էր իր կապերը աշխարհի տարբեր երկրների հետ, եւ ակնհայտ էր, որ նրա ուժը բացառապես ունեցած կապերն են: Քանի որ ո՛չ ինտելեկտի, ո՛չ ընտանեկան արժեհամակարգի, ո՛չ հայրենասիրության, ո՛չ առավել եւս քաղաքական կերպարի իմաստով Արա Աբրահամյանը չէր փայլում, ընդհակառակը` խոցելի էր: Նա ներկայացնում էր իր աշխատանքը, թե ինչպես է օգնել մարդկանց, ինչ հարցեր է լուծել Հայաստանում, Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս, ինչ եկեղեցի է կառուցել հարազատ Մալիշկայում եւ այսպես շարունակ:

Ֆիլմում այնպիսի պաթոսով էր ներկայացվում Արա Աբրահամյանի կերպարը` որպես մեծ հայրենասերի ու բարերարի, որ հնարավորինս նմանեցվեր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Բայց հանուն արդարության, պետք է նշենք, որ Գագիկ Ծառուկյանը շատ ավելի ընկալելի ու ընդունելի կերպար է Հայաստանում, քան Արա Աբրահամյանը: Ծառուկյանը ապրել, մեծացել է Հայաստանում եւ բացառապես հայի շահն է հետապնդել: Իսկ Արա Աբրահամյանին նույնիսկ ֆիլմից էր նկատելի, որ կյանքում բացառապես անձնական շահն է հետաքրքրում եւ «կարեւոր մարդկանց» հաճոյանալը, որպեսզի մեդալ կամ պատվոգիր ստանա: Նա տարիներ շարունակ Հայաստան-Ռուսաստան կամուրջի, մարդկանց օգնելու տարաբնույթ միջոցառումների ֆոնին ստեղծել է իր համար հարթակներ, որոնք այսօր օգտագործում է տրամաբանորեն հակառակ ոլորտում, դարձնում է իր քաղաքական հենարանը: Սա, թերեւս, ամենաանթույլատրելի բանն է:

Այն, որ ՌԴ-ում 2.5 մլն հայ է ապրում, եւ ինչպես ֆիլմում է ասվում` նրանց բոլորին համախմբել է Արա Աբրահամյանը, իրականում մեզ մտահոգող փաստ է: Մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հնարավորություն չգտնելով՝ այլ երկրում են հանգրվանել ու ամենեւին էլ համախմբված չեն, տարրալուծվել են՝ շատ դեպքերում մոռացության տալով իրենց լեզուն ու ավանդույթները: Իսկ այն քիչ մասը, որ համախմբվել է Ռուսաստանի հայերի միության շրջանակներում, ակնայտ է, որ չի պատվիրել Արա Աբրահամյանին գալ Հայաստան ու աթոռի կռիվ տալ:

Եւ մարդկաց անունից խոսելն ու նրանց հույզերի հետ խաղալն ամենեւին էլ հերոսություն չէ, ինչպես մատուցվեց ֆիլմի ավարտին. «Աշխարհի դեսպան խիզախ ասպետ»: Նա մի սովորական հայ մարդ է, որը հաջողացրել է ճկունություն դրսեւորել, ճիշտ տեղում հայտնվել ժամանակին եւ վերջ:

Նկատենք՝ Արա Աբրահամյանն անչափ լավատես է: Նա անկեղծորեն հավատում է, որ իրեն կհաջողվի փրկել Հայաստանը կործանումից: Մնում է՝ մենք հավատանք, որ նա հերթական հյուրախաղերով չի գալու` գործող իշխանության ապօրինությունները սատարելու հեռահար նպատակով:

Թամարա Միքայելյան




Լրահոս