Անալոգային հեռարձակումը հունվարի 1-ից չի՞ անջատվի. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը 2016 թվականի հունվարի 1-ից անցնելու է թվային հեռարձակման: Սա նշանակում է, որ հին սերնդի հեռուստացույց ունեցող քաղաքացիները չեն կարողանա դիտել հեռուստացույց, եթե չունենան ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 սարքեր կամ էլ նոր սերնդի հեռուստացույց:

Տոներին ընդառաջ` բոլորին հետաքրքրում է մեկ հարց` արդյոք հունվարի 1-ից իրենց սպառնում է առանց հեռուստատեսության մնալու վտանգը, թե` ոչ:

Կառավարության որոշմամբ` սոցիալապես անապահով  48 733 ընտանիքների   կտրամադրվեն  DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

Նշենք, որ նախատեսված թվային հեռարձակման անցումը կիրականացվի աստիճանաբար: Անալոգային հեռարձակումը հասանելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ  սոցիալապես անապահով ընտանիքները անվճար չեն ստացել թվային հեռարձակման ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 կցուրդները: Հավելենք, որ համապատասխան թվային սարքավորումներն արդեն պատվիրված են,  ճանապարհին են, սակայն Հայաստան դեռ չեն հասել:

Ըստ այդմ, անալոգային հեռարձակումը կանջատվի ըստ այն տարածքների, որտեղ սոցիալապես անապահով ընտանիքները արդեն ստացած կլինեն  DVB-T2 կցուրդները:

Հավելենք, որ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ շուրջ 100 հազար անապահով ընտանիքներ 25-80 դոլար արժողությամբ սարքերն անվճար են ստանալու։ Կառավարությունը, սակայն, որոշում ընդունեց մոտ 50 հազար ընտանիքի համար:




Լրահոս