Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը թերեւս զուտ ձեւական բնույթ կկրի, որպեսզի ԼՂՀ խնդրի կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հաշվետվություններում նշեն, որ 2015 թվականին իրենց հաջողվել է բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել:

Ինչպես հայտնի է՝ միջնորդները մի քանի ամիս շարունակ փորձում էին կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, բայց նրանց չէր հաջողվում դա անել, քանի որ Ադրբեջանի ղեկավարը ամեն կերպ խուսափում էր բարձր մակարդակով հանդիպումից: Վերջին նման փորձն արվեց այս տարվա սեպտեմբերի վերջին: Միջնորդները փորձել էին Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 27-ից 30-ը տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Սակայն հայտնի էր դարձել, որ Իլհամ Ալիեւը վերջին պահին հրաժարվել էր մեկնել ԱՄՆ:
Իսկ այս տարվա հոկտեմբերի վերջին աննախադեպ մի բան տեղի ունեցավ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ տարածաշրջան այցելելիս ի սկզբանե հայտարարեցին, որ իրենք նպատակ ունեն մինչեւ տարեվերջ կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Այսինքն՝ եթե նման հանդիպում չհաջողվեր, ապա կողմերը ստիպված պետք է լինեին խոստովանել, թե իրենցից ում մեղքով այն չի կայացել: Հայկական կողմը մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ մշտապես պատրաստ է ԼՂՀ խնդրի հետ կապված տարբեր մակարդակի հանդիպումների: Այլ կերպ ասած՝ համանախագահները հոկտեմբերի վերջին տարածաշրջան այցելելիս իրենց մտադրությունների մասին բարձրաձայնելով` փաստացի Ալիեւին անհարմար դրության մեջ դրեցին` ստիպելով, որպեսզի նա հանդիպման համաձայնություն տա կամ էլ պարզաբանի, թե ինչու է խուսափում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես փորձում է իբրեւ ոչնչից չվախեցող կերպարով ներկայանալ, ուստի նրանք հաստատ չէին ցանկանա, որ ադրբեջանցիները տեսնեն, որ իրենց ղեկավարները սովորական վախկոտ մարդիկ են, որոնք պարզապես հոխորտալ են սիրում: Այլ կերպ ասած՝ Ալիեւը պարտադրված էր հանդիպմանը համաձայնություն տալ:
Բայց ինչպես միշտ, այս անգամ եւս հանդիպման նախորդող օրերին ադրբեջանական կողմը կրկին սահմանին ակտիվացավ: Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին ադրբեջանական կողմի կազմակեպած դիվերսիոն գործողության արդյունքում սպանվել է երեք հայ զինծառայող: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ բանակցությունների շեմին սահմանին սադրանքներ կազմակերպելով՝ փորձում է հայկական կողմին դրդել կոշտ դիրքերից հանդես գալ, որպեսզի դրա արդյունքում հնարավոր լինի բանակցությունները տապալելու մեջ Հայաստանին մեղադրել: Ուստի այս տեսանկյունից ամենեւին էլ պատահական չէ, որ երեկ սահմանին արձանագրված լարվածությունից հետո ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, թե. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բովանդակային քննարկումներ են ակնկալում դեկտեմբերի 19-ին Բեռնում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ»: Այլ կերպ ասած՝ միջնորդներն արդեն իսկ մտավախություններ ունեն, որ բանակցություններն անցնելու են անարդյունք: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն էլ երեկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում սահմանային լարվածության վերաբերյալ ասել էր. «Այս իրավիճակում հրամայական են դարձել լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը՝ եռանախագահների կողմից առաջարկվող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդումը, նրա դաշտային օգնականների թվի ավելացումը: Ակնկալում ենք, որ համանախագահ երկրները գործնական քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»: Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ Շվեյցարիա մեկնելուց առաջ երեկ այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայկական կողմը այսօրվա հանդիպման ժամանակ որոշել է, այսպես ասած, «պասիվ» դիրքերից հանդես գալ` հղում կատարելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին: Այսպիսով՝ հայկական կողմը կփորձի Ադրբեջանին ստիպել, ի վերջո, ինչ-որ տեսակետ հայտնել: Բանակցություններում Ալիեւը ստիպված է զսպված եւ հավասարակշռված դիրքորոշում հայտնել, եթե, իհարկե, ի վիճակի լինի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔ
Երեկ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Ռուսաստանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբանները պահանջել են, որ դատարանում մեղադրանքը ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե հնարավո՞ր է Կոստանյանն ընդառաջ գնա փաստաբաններին: Մեր հարցմանը դատախազությունից պատասխանեցին. «Դատավարության որեւէ փուլում մեղադրանքը պաշտպանող դատախազի փոփոխության անհրաժեշտության ի հայտ գալու պարագայում նման փոփոխությունը կամ գլխավոր դատախազի կողմից դատարանում մեղադրանքի պաշտպանության հնարավորությունը չի բացառվում: Ա՛յս փուլում այդ հարցը չի քննարկվում»:

 

ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները երեկ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին դիմումը: Դիմումի տակ դրված է եղել 19 պատգամավորի ստորագրություն պահանջվող 27-ի փոխարեն: ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, սակայն, հրաժարվեց դիմումը ընդունել՝ պատճառաբանելով, որ այն պատշաճ ներկայացված չէ:

 

ՉՀԱՐՈՒՑԵՑԻՆ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա դեկտեմբերի 1-ին «Քինգ դե Լյուքս» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 259 համարի Աբովյան-Երեւան-Աբովյան երթուղու ավտոբուսները երթուղի դուրս չէին եկել, քանի որ այդ օրը Երեւանում հանրահավաք էր նախատեսված: ՍՊԸ-ի տնօրենը՝ Արտակ Եղոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունից են իրեն հրահանգել ավտոբուսները երթուղի չհանել: Նախօրեին մենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացանք գրություն առ այն, որ այս դեպքի հետ կապված քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Իհարկե, ինչ հանցակազմ կարող է լինել այն բանում, որ ոստիկանությունը հանրահավաքի օրերին ավտոբուսներին արգելում է երթուղի դուրս գալ, եւ Աբովյանի քաղաքապետի ցուցումն էլ օդում թողած պղպջակի էֆեկտ է ընդամենը: Հանուն իշխանությունների հանգիստ կյանքի արվող քայլը չի կարող հանցանք համարվել, նույնիսկ եթե անօրինական է:

 

ԿԸՀ-ԻՑ՝ ՌԱԴԻՈ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ՊՆ նախկին մամլո քարտուղար Սերյան Շահսուվարյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Սերյան Շահսուվարյանի հետ: Նա հարցը լսելով՝ անմիջապես հայտարարեց, թե նման բան չկա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը հրաժարվեց իր պաշտոնից եւ մի քանի օր անց նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԷԼԻ ՏԱՆԿԵՐՈՎ
Ըստ ԼՂՀ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված հավաստի տվյալների՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ եւ վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների՝ ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաեւ հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ եւ վիրավորներ: ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ, այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ): ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն եւ պատրաստ են ջախջախիչ հարված հասնել ցանկացած սադրանքի:

 

ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ԴԵՄ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ դատական հայց է ներկայացրել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ: «Ես դատական հայց եմ ներկայացրել պարոն Սաակաշվիլիի դեմ: Երբ դու ասում ես, որ մարդը գող է, ապա պատասխան տուր»,- հայտարարել է Ավակովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւս պատրաստ է դատական հայց ներկայացնել Սաակաշվիլիի դեմ: Ավակովի եւ Սաակաշվիլիի միջեւ սկանդալային վեճը բռնկվեց դեկտեմբերի 14-ին բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ընթացքում: Ի պատասխան Սաակաշվիլիի մեղադրանքների՝ Ավակովը նրա երեսին ջուր էր լցրել:

 

ՏՈՆԱՎԱՃԱՌԸ ԿԱ
Երեւանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում եւ Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարեւանությամբ): Դրանց մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

 

ԻՆՉՈՒ ՈՉ ՀԱՅԵՐԵՆ
ԱԺ արտահերթ նստաշրջանում կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նախագծի հռչակված նպատակն է դեղերի մատչելիությունը, բայց մի կողմից հենակետային գին են սահմանում՝ վերին գին, մյուս կողմից՝ դեղերի վաճառքով զբաղվողների համար նոր ծախսեր են լրացնում. «Մտավախություն չունե՞ք, որ սրա արդյունքը լինելու է մոնոպոլացումը: Ծախսերը երբ մեծանում են, բայց եկամուտները սահմանափակվում են, դա նշանակում է, որ ուրիշ զարտուղի ճանապարհներ կգտնեն… Հետո հայերեն բացատրական թերթիկի հետ կապված ունե՞ք այսօր ինֆորմացիա, թե հայաստանյան բժիշկների քանի՞ տոկոսն է ախտորոշումը գրում ռուսերեն: Հսկայական թիվ է: Ինչո՞ւ օրենք չեք գրում, որ բժիշկները, առողջապահության ոլորտի պաշտոնյաները իրենց բոլոր գրագրությունները պետք է անեն հայերեն եւ եթե չեն անում, օրինակ, 500 հազար դրամ պետք է տուգանվեն: Թե չէ, ՀՀ քաղաքացին գնում է, սոնոգրաֆիա է անում, գրում են՝ ՍՌՔպփվՌՍ, չգիտեմ ինչ, էս ի՞նչ ա»:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համաձայնեց, որ շատ բժիշկներ իսկապես ռուսերեն են գրագրություն վարում, որն իրենց համար այնքան էլ ընդունելի չէ: Ըստ նրա՝ քիչ-քիչ տարածվում է հայերեն գրագրությունն այս ոլորտում: Ինչ վերաբերում է 5 տարին մեկ վերագրանցմանը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ դրանք միջազգային կանոնակարգեր են, իրենք չեն իրենցից հնարել ու շարժվում են միջազգային կանոնակարգերով:




Լրահոս