ՎԵՐՋԸ ՀԱՍԿԱՑԱՆ, ՈՐ ՊԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը կոչվում է «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»: Այս կարգը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ գործադիրի հաստատմանը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, այս նախաձեռնությունը, որով սահմանվում են ավտոմեքենաների վրա գազի համակարգի տեղադրման չափորիչները, ինքնին դրական քայլ է, պարզվում է` մինչ օրս Հայաստանում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերը տեղադրվել են առանց համապատասխան կարգի եւ չափորոշիչների:
Փաստորեն, գազաբալոնների պայթյուններ պետք է լինեին, մարդիկ պետք է զոհվեին, որպեսզի ՀՀ իշխանությունները հասկանային, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, եւ ոլորտն անհրաժեշտ է կարգավորել ու կանոնակարգել: Սա այն դեպքում, երբ Հայաստանում ավտոմեքենաների վրա գազի համակարգերը տեղադրվում են 90-ականներից: Այսինքն՝ արդեն մոտ քսան տարի է՝ Հայաստանի փողոցներով երթեւեկում են գազի համակարգով աշխատող ավտոմեքենաները, կամ որ նույնն է` «շարժական ռումբերը», բայց համապատասխան կարգը նոր միայն պատրաստվում են սահմանել: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք:

 

 

 
Այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, եւ լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար` Նիկոլայ Պատրուշեւի փոխարեն: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների ամենաբարձր մակարդակով քննարկվել էր, որ դեկտեմբերի 21-ին կայացած նիստի ժամանակ ոչ թե Վ. Հարությունյանը, այլ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն այս նշանակումը հետաձգվեց մեկ տարով: Չի բացառվում, որ պատճառը 2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն է, որն անցնելու է Հայաստանին, եւ ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայերի դերը շատ կբարձրանար:

 

 

 
ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Իսկ նման ծայրահեղ քայլի պատճառը Ադրբեջանում Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի սիստեմատիկ բնույթն է: Դիվանագիտական խողովակներով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունքն այն աստիճան է սրվել, որ Ադրբեջանի դեսպանին Վաշինգտոնում նույնիսկ բաժանմունքի պետի մակարդակով չեն ընդունում: Եւ ադրբեջանցի դիվանագետներն իրենց ձախողումը Իլհամ Ալիեւի մոտ արդարացնելու համար փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղքը բարդել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Ամերիկայում հայկական լոբբի վրա: Արդեն նույնիսկ հրապարակումներ են լինում այն մասին, որ ԱՄՆ դիրքորոշման կոշտացման հարցում ակտիվ ազդեցություն են ունեցել Հայաստանի դեսպանությունն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները:

 

 

 
Երբ Սերժ Սարգսյանը 2014-ի ապրիլի 10-ին հայտարարեց, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո այլեւս չի զբաղեցնի ՀՀ ղեկավարի պաշտոնը` նեղ շրջապատին ասելով, որ իշխանության էստաֆետը հանձնում է իր երիտասարդ թիմին (Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի գլխավորությամբ) իշխանական վերնախավում խմորումներ սկսվեցին: Որոշ ժամանակ անց էլ պարզ դարձավ, որ իշխանական բուրգի հնաբնակները խմբվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջը եւ չեն պատրաստվում Սերժ Սարգսյանի օրինակով հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Սերժ Սարգսյանն իր թիմը կորցնելու, պառակտելու, այդպիսով նաեւ սեփական իշխանությունը թուլացնելու տեսանելի հեռանկարը պատկերացնելով՝ այս տարվա դեկտեմբերի 3-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում «հետ կանչեց» իր խոսքերը` ասելով, որ չի բացառում 2017-ի ԱԺ ընտրություններից հետո ՀՀ վարչապետ դառնալու տարբերակը: Այլ կերպ ասած՝ Սարգսյանը հասկացավ, որ երիտասարդ փոքրաթիվ թիմով չի կարողանալու ազդեցությունը պահել եւ հիմա պիտի մի կողմից «հնաբնակներին» չնեղացնի, մյուս կողմից էլ փաստացի ստանձնելու է իր փեսայի եւ նրա թիմի պաշտպանությունը, նրանց ծրագրերի անմիջական հովանավորությունը:

 

 

 
ԱՆԼՈՒՐՋ

ՀՀ ԱԱԾ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ` կապված Վահան Շիրխանյանի ձերբակալության հետ: Սակայն որքան էլ տարօրինակ է՝ ԱԱԾ հայտարարությունը ոչ թե զինված հանցախմբի այս աղմկահարույց գործին Շիրխանյանի առնչության, կամ Գորիկ Հակոբյանի մատնանշած «հրեշավոր վտանգների» մասին է, այլ Շիրխանյանի ձերբակալության կապակցությամբ կայքերից մեկին տված հարցազրույցում Աշոտ Մանուչարյանի հնչեցրած գնահատականների: Վերջինս այն գնահատել էր «արկածախնդրություն».«Կարծում ենք՝ արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների եւ դրանց իսկ վրա կառուցված հետեւությունների վրա,- այսպիսի «ոչ զգայական», «չանձնավորված» եւ «անկողմնակալ» ձեւակերպումներով է արձագանքել ԱԱԾ-ն` եզրափակելով,- Մեկնաբանությունների եւ գնահատականների լրջությունը ուղղակիորեն կապված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից»:
Մի կողմ թողնելով այն, թե որքանով են Ա. Մանուչարյանի պնդումներն ընդունելի, նկատենք, որ առնվազն տարակուսելի է այն սեւեռվածությունը, որով ԱԱԾ-ն «անարգանքի սյունին» է գամում յուրաքանչյուրին, ով հանդգնում է քննադատել այս ծառայության գործունեությունը կամ կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը: Լավ, Մանուչարյանն ազատ, անկախ քաղաքացի է, որն իր մտքերը հայտնելիս որեւէ բանով սահմանափակված չէ, եւ եթե նպատակ ունի, ինչպես ասվում է ԱԱԾ այս հայտարարությունում, «սեփական անձի վրա ուշադրություն հրավիրել», ապա որն է պատճառը, որ ԱԱԾ-ն աջակցում է այդ գործընթացին: Իհարկե, այլ դեպքում թերեւս կարելի էր այս ամենի տակ ինչ-որ լուրջ զարգացումներ տեսնել, սակայն ԱԱԾ կողմից միջանձնային մակարդակի իջեցված այս դրսեւորումները, ցավոք, լրջության տեղիք չեն տալիս:
Ցավալի է, բայց այս անլուրջ գործելաոճը հատուկ է ոչ միայն ԱԱԾ-ին, այլեւ ՊՆ-ին: Վերջինիս մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել մի հայտարարությամբ, որի տարածումից հետո ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը սթրեսի ենթարկվեց.«Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»,-երեկվա ասուլիսում ասել է Հովհաննիսյանը, ով, սակայն, դրանից 2 ժամ անց արդեն եթերից պարզաբանում էր, որ ինքը նկատի չի ունեցել պատերազմ բառի «բացարձակ իմաստը», եւ որ, փառք Աստծո, երեկվա դրությամբ սահմանային լարվածությունը նվազել է: Թե ինչպիսի գնահատական կարելի է տալ նման անլուրջ, չմտածված հայտարարությանը, կարծում ենք՝ լավագույնս կասեն իրենց զավակներին բանակ ուղարկած մայրերը, իսկ ՊՆ ղեկավարությանը խորհուրդ կտանք ժամանակ առ ժամանակ այս կամ այն լրատվամիջոցին «հանրության մեջ խուճապ չտարածելու» խորհուրդներ տալիս` նախ եւ առաջ այն ուղղել սեփական խոսնակին:




Լրահոս