ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամեն անգամ, երբ լսում եմ հայերեն հարցերին ռուսերենով պատասխանող քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանին, ինձ հարց եմ տալիս. տեսնես ո՞վ է այդ իրավունքը քաղաքագետին տվել: Կամ ինչո՞ւ նրա ռուսերենով շարադրանքը չի զուգորդվում հայերեն թարգմանությամբ: Այդպես գոնե չեն ոտնահարի ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ պետական լեզուն եւ «Լեզվի մասին» օրենքը:  

Արամայիս Ասլանյան (67 տարեկան, ինժեներ-նախագծող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Յուրաքանչյուր ոք, ով հրապարակային ելույթ է ունենում օտար լեզվով, խախտում է «Լեզվի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքները:
Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ «ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»:
Բացառություն սահմանելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 27-րդ հոդվածներին, ինչպես նաեւ հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին: Բացառություն սահմանելու, օտար լեզուներով հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների՝ օտարալեզու դրվագների հեռարձակման ժամանակ դրանք հայերեն համաժամանակյա եւ համարժեք թարգմանությամբ չապահովելու պարտականություն չսահմանելու հետեւանքով առաջանում է ՀՀ պետական լեզվի գործառությունն ապահովելու պարտականության, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներից մեկի՝ պետական տեղեկույթ ստանալու սահմանադրական իրավունքի արգելակում:
Լեզվի բնագավառում օրենսդրության պահանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չլինելու հետեւանքով եթերում աստիճանաբար աճում է օտար լեզվով հաղորդումների ծավալը:
Լեզվի պետական տեսչությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկություններ է ներկայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում,  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Ներկայում վերոնշյալ օրենսդրական փաթեթը շրջանառվում է, որի ընդունումից հետո կարգավորվելու են խնդրահարույց  իրավահարաբերությունները, հայերենի կիրառությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, սահմանվելու են հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում լեզվական վերահսկողության առանձնահատկությունները, կարգը եւ պայմանները:

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության
պետ Սերգո Երիցյան  

«ժՈՂՈՎՈՒՐԴ». Մարդուն, իհարկե, չես մեղադրի մայրենի լեզվին վատ տիրապետելու համար, եւ այստեղ պետք է կրկնենք մշտական այն խորհուրդը, որ բոլոր ժամանակներում նախապատվելին հայերենով լիարժեք կրթություն ստանալն է, իսկ օտար լեզուներին տիրապետելն ընդամենը ցանկալի է ու գովելի:




Լրահոս