ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում՝ բարելավվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ջրամատակարարման համակարգը:
Ուղիղ գծով հակառակորդի դիրքերից 500 մետր հեռավորության վրա գտնվող գյուղում՝ ջրի խնդիրը տարիների պատմություն է ունեցել: Խորհրդային ժամանակներից գործող ջրամատակարարման համակարգը տարիների շահագործումից ամբողջությամբ քայքայվել էր: Հոսակորուստների և վնասված խողովակաշարերից ներթափանցող աղբի պատճառով՝ բնակիչներին մատակարարվող ջուրն օգտագործման ենթակա չի եղել: Իրավիճակի բարդ հետևանքներն առավելապես զգալի են ձմռան ամիսներին:
Ընթացիկ տարում Բերքաբերի ջրամատակարարման խնդիրը լուծվել է: Եռակողմ համագործակցության արդյունքում՝ վերակառուցվել և ցանկապատվել է գետային ջրընդունիչը: Տեղադրվել են նոր փականներ: Կառուցվել և ջրընդունիչից մինչև օրվա կարգավորման ջրամբար (ՕԿՋ) է հասցվել 6550 մետր երկարությամբ ջրատարը:
ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում 2014-2015թթ. ընթացքում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման և բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: