ՓՈՂՈՑԻ ԱՌԵՎՏՐՈՎ ԱՊՐՈՒՄ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որքան ժամանակ է, ինչ փողոցային առեւտրով զբաղվողները  պայքարում են իրենց «աշխատանքը» չկորցնելու համար, որոնց, այսպես  ասած, «քշում» են փողոցներից ու արգելում  իրենց օրվա  «հացի խնդիրը» լուծել: «ժողովուրդ»-ի հետ զրուցեց այդ կարգավիճակում հայտնված եւ այդ ամենից «տուժած» 77-ամյա Նավասարդ Խաչատուրյանը: Նավասարդ պապն իր հանապազօրյա հացը վաստակում է փողոցում առեւտուր անելով .«Աչքի ուլունք ա, մոմա, սրբի պատկեր ա, ու տենց, էլի, բալա ջան, ժամը 11-ից մինչեւ 4-ը էստեղ եմ, օրս  մթնացնում` գնում եմ էլի»: Պապը «Ժողովուրդ»-ին շատ բաներ ուներ ասելու: Բացի փողոցային առեւտրի արգելումից, նա  դժգոհեց նաեւ իրենց անապահով ապրելակերպից: Նավասարդ պապը փաստեց, որ ինքն իր «գործունեությունը» արդեն քանի տարի է ծավալել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում` «Ձկան» խանութի հարեւանությամբ:  Իսկ այժմ «վախից» տեղափոխվել է այդ տարածքում գտնվող գետնանցումին մոտ մի անկյուն: Արցունքակալած աչքերով ծերունին «Ժողովուրդ»-ին պատմեց. «Այ բալես, 30 տարի խանութ եմ աշխատել սովետի ժամանակ, հիմա էլ ինչ անեմ, եկել եմ էս անկյունում եմ նստում: Ես ու կինս ենք, մեր տունը ծախեցինք` էրեխեքիս տուն առանք: Իրանք էլ մեզ թողեցին-գնացին ուրիշ երկիր, մենք երկուսով աղջկաս տունն ենք ապրում Խարբերդում: Ես 24.000 թոշակ եմ ստանում, կինս էլ 20.000 դրամ` լույս ա, դես ա- դեն ա, պրծնում ա, դե ես էլ ի՞նչ ծախեմ`  դրանով ապրում ենք: Մեր ապրուստը սա ա, բալաս»: 77-ամյա Նավասարդ պապը ծնունդով Շամշադինից է, բայց վաղուց Երեւանում է ապրում. «Մենք մեզ հույս տալով ապրում ենք, էլի, բալա ջան, առողջությունս էլ լավ չի, աչքերս լավ չեն տեսնում, ոտքերս էլ նորմալ չեն աշխատում, ընդեղից կինս ա օգնում` նստում, գալիս եմ երկու կոպեկ աշխատելու համար, էստեղից էլ մեկին խնդրում եմ, որ օգնի` տրանսպորտ նստեմ, գնամ: Ախր ջահել էլ չեմ է, որ ուրիշ գործ գտնեմ` աշխատեմ: Որ ջահել ըլնեի, նենց գործեր կստեղծեի, որ կարողանայինք ապրեինք»:     Նավասարդ պապը փաստեց, որ իրեն էլ են ասել, որ փողոցում առեւտրով չզբաղվի. «Հա, ինձ էլ էկան ասին, աղջիկ ջան, որ առեւտուր չանեմ, ես մի  ոտս գերեզմանում մարդ եմ,  էս ցրտին նստած` իմ հացի փողն եմ աշխատում, ու՞մ եմ  խանգարում: Օրվա մեջ հազիվ  մի 500 դրամ փող եմ աշխատում, ու՞մ եմ վնաս տալիս»: Փողոցում իր օրվա հացի գումարը վաստակող Նավասարդ պապի խոսքերով` երիտասարդ տարիներին  ինքը շատ է ժողովրդին օգնել. «Իսկ հիմա ինձ մի անկյուն էլ չեն թողնում, որ նստեմ: Էն պատերազմի տարիներին հազար որբի եմ պահել, մեծացրել, օգնել եմ` ինչով կարողացել եմ, ու էսօր տենց կերպ են ուզում ինձ հետ վարվել: Բալա ջան, ես իմ կյանքում ոչ մեկին ոչ մի վատություն չեմ արել, թող էսօր որ ես էս ծանր վճակում եմ, էս ձեւով չվարվեն»: 77-ամյա Նավասարդ պապը վերջում հավելեց, որ ինքը` չխանգարելով ոչ մեկին, խնդրում է, որ իրեն էլ թույլ տան ապրել իր առօրյայով, իր օրը մթնեցնելով իր ժողովրդի հետ. «Գալիս եմ, ժողովրդի հետ խոսում եմ, նորություն եմ իմանում էս երկրի մասին, ինչ էլ կարում եմ, ծախում եմ ու տուն եմ գնում, ոչ մեկին էլ նեղություն չեմ տալիս:  Էսա, վատ բան եմ անու՞մ,  դե ասեք»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս