Արդեն երրորդ օրն անդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր արտակարգ ռեժիմով շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով գլխավոր և երկրորդական փողոցները մաքրելուն զուգահեռ, բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաև աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները:
Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում: Գործընթացը շուրջօրյա վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից: Ընթացող աշխատանքները կանոնակարգվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: