Մի խոսքով՝ 2015 թվականին մեզ հաջողվեց անել հնարավորը. Սուրիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ սյունեցիներ, պատմության գիրկն է անցնում 2015 թվականը: Կարծում եմ՝ անցնող տարին մեզ համար բարենպաստ տարի էր. 2015 թվականին մեզ հաջողվեց բավականին աշխատանքներ կատարել, մենք կարողացանք կառուցել, բարեկարգել ու նորոգել առողջապահական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, զգալի աշխատանքներ իրականացնել ճանապարհաշինության մեջ:

Մի խոսքով՝ 2015 թվականին մեզ հաջողվեց անել հնարավորը՝ լուծելու մեր առջև դրված առաջնահերթ խնդիրները: Համոզված եմ, որ 2016 թվականին ավելին ենք անելու և այսօր ունենք արդեն բազմաթիվ հաստատված ծրագրեր: Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ քննարկումներ եղան մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ, և համապատասխան հանձնարարություններ ստացանք և՛ մենք, և՛ համապատասխան կառույցները: 2016 թվականին Սյունիքում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվելու տարբեր ոլորտներում՝ թեՙ դպրոցաշինության մեջ, թե՛ գյուղական համայնքներում ջրագծերի կառուցման, թե՛ ճանապարհաշինության և թե՛ մշակութային օջախների, մանկապարտեզների վերանորոգման ուղղությամբ:

Համոզված եմ՝ գալիք տարին կլինի առավել բարենպաստ:
Ես սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը, բայց առանձնահատուկ կուզենայի շնորհավորել հայոց բանակի զինվորներին ու սպաներին, ովքեր այսօր անձնուրաց և խիզախաբար կարողանում են պաշտպանել Հայաստանի ու Արցախի սահմանները:

Թող Ամանորն ու Սուրբ ծնունդը սյունյաց յուրաքանչյուր օջախի պարգևեն առատ ու տոնական սեղաններ, բարձր տրամադրություն և սեր, համայն հայությանը, Հայաստան աշխարհին՝ շենություն և խաղաղություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:




Լրահոս