Թոքաբորբերի ակտիվացումը պայմանավորված է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումով. խորհուրդներ ՀՀ ԱՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատասխան լուծումներ:

Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը:

Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ: Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք  պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը`

  • գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության
  • չզբաղվել ինքնաբուժմամբ
  • անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ
  • հագնվել եղանակին համահունչ
  • հետևել անձնական հիգիենայի կանոններին
  • պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
  • հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները
  • տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ  ջերմաստիճան:

 




Լրահոս