ԵՐԲ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՅՈՒՐԱՅԻՆ ՈՒ ԹՇՆԱՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Արցախյան ազատամարտի մասնակիցները հայտարարված նստացույցով կառավարությունից պահանջում են «արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, ըստ այդմ կատարել վերահաշվարկ եւ փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին»: Փաստորեն, Հայաստանում ձեւավորվել է ազատամարտիկի երկու խավ. մի կողմից թանկարժեք «լյուքս» դասի մեքենաներով եւ ուսադիրներով շրջագայողներն են, որոնք իրենց հավատարմությունն են հայտնել ռեժիմին՝ ծնկի գալով նրա առաջ, մյուս կողմից՝ աղքատության ու թշվառության ճիրաններում հայտնված տղերքը, որոնք ժամանակին առաջին գծում իրենց կյանքը չէին խնայում հայրենիքի պաշտպանության համար: Ավելին, նախկինում՝ մարտի դաշտում, ազատամարտիկներից յուրաքանչյուրն իր ընկերոջ համար կյանքը չէր խնայում: Իսկ այսօր անհոգ առօրյան ավելի են կարեւորում, քան կիսաքաղց ու հաշմված մարտական ընկերոջը զորակցելը: Իշխանությունները, որ սիրում են բանակի կամ հաղթանակի օրվա առթիվ ճոռոմ կենացներ ասել, հպարտանալ ազատամարտիկներով, կոչումներ ու մեդալներ են տալիս միայն յուրային ազատամարտիկներին, որոնցից շատերը նույնիսկ մարտական ուղի չեն անցել: Թերեւս սրանից ավելի ամոթալի ու նվաստացուցիչ երեւույթ դժվար էր մոգոնել՝ Հայաստանի անկախ հանրապետության համար: Մեր երկիրն ազատագրողները պարզապես սոված են:




Լրահոս