ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է կատարում, սակայն չի ներկայացնում հիմնավորված որոշումը։
ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունում ասվում է.
“Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ:
Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից:
Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում` նշելով, որ ,ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներիցե: Մինչդեռ ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:
Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում` բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:
Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը”։




Լրահոս