ՆՐԱՆՑ ԱՌԱՏՈՐԵՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ-ական Պավլիկ Մանուկյանն օրերս ամենասուր քննադատության ենթարկեց “Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությանը: Եվ սա այն դեպքում, երբ նույն Պավլիկին ՀՅԴ-ն բավական “սուր” հայտարարությամբ պաշտպանեց 2005-ին, քանի որ այսօրվա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծվել էր: 
Հիշեցնենք, որ 2005-ի հունիսի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ ,ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88ե նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանը տուն էր գնացել, 15 րոպե հետո մի  երիտասարդ ծեծել էր նրա տան դուռը եւ ասել, որ գեներալ Սամվել Կարապետյանը սպասում է: Ազատամարտիկն իրեն ուղեկցող երիտասարդի հետ գնացել էր ԼՂՀ պաշտպանական բանակ: Այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատարը Սեյրան Օհանյանն էր: Մինչ նրա մոտ հասնելը, գեներալ Սամվել Կարապետյանը հարվածել էր Պավլիկ Մանուկյանի ծնոտին ու փորին: Այնուհետեւ երկուսով՝ այսօրվա ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, մտել էին Սեյրան Օհանյանի աշխատասենյակ: Վերջինս բարեւելուց անմիջապես հետո հարձակվել էր Պավլիկի վրա. “Ես քու դաշնակ ծնողը… Վիտո՞ եք պաշտպանում (նկատի ունեին ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին-Ս.Գ.): (Նորից հայհոյանքներ-Ս.Գ.)… Կարծում եք, եթե հաղթեիք, հենց էնպես իշխանությո՞ւն էինք ձեզ տալուե: Վիրավորանքների տարափի տակ երկուսով՝ Ս. Օհանյանը եւ Ս. Կարապետյանը, սկսել էին ոտքով ու ձեռքով հարվածել Պավլիկին: Ու երբ վերջինս ջուր էր խնդրել, Վարդան Բալայանը նրան մի բաժակ ջուր էր բերել՝ մեջը թքած:
Այս պատմությունից հետո երկար ժամանակ Պավլիկ Մանուկյանը լռում էր, մինչեւ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Եվ ահա օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյին հայտարարեց, որ հայտնվել են քաղաքական աղբամանում: Ինչո՞ւ: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց Պավլիկ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, արդեն քանի օր է՝ Ազատության հրապարակում նստացույց են անում ազատամարտիկները՝ պահանջելով սոցիալական արտոնություններ եւ ապրուստի հնարավորություն: Դուք՝ որպես ազատամարտիկ, ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին եւ արդյո՞ք պատրաստվում եք միանալ նրանց:
-Ես մասնակիորեն կիսում եմ նրանց կարծիքը, տղերքը շատ արհամարհված են, տպավորությունն այնպիսին է, որ այդ գործողությունը մի քանի հոգի են արել, պատերազմը ավարտվեց, թաքուն նկարագրվեց, աղճատվեց, դեգրադացվեց: Ազատամարտիկները պետք է ստատուս ունենան, բայց մյուս կողմից էլ ես մի բանի եմ դեմ, որ ի՞նչ է նշանակում, ուրեմն մենք սրա՞ համար էինք գնացել… Կարո՞ղ է՝ ինչ-որ թոշակ ստանալու համար էինք գնացել: Մենք ո՞ւմ կամ ինչի՞ համար էինք կռվում: Եթե իմ ժողովուրդը վատ է ապրում, ապա ես էլ կապրեմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Եթե ժողովուրդն արտագաղթում է, ես ո՞ւմ հերոսն եմ՝ գաղթակա՞ն, թե՞ բարոյալքված ժողովրդի:
-Վերջերս Դուք քննադատել էիք Ձեր հարազատ կուսակցությանը՝ ՀՅԴ-ին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-ՀՅԴ կյանքում քննադատության չի ենթարկվում, ես ինքս մնում եմ հավերժ դաշնակցական, այլ բան է բյուրոն:
-Իսկ ինչո՞ւ եք քննադատում ՀՅԴ բյուրոյին:
-Դա վաղուց կար, հիմա էլ հասունացավ: Ես կուզեի այդ հարցին ընդհանրապես չանդրադառնալ, քանի որ բյուրոն լռել է:
-Նեղացա՞ծ եք:
-Հայրենիքից չեն նեղանում, ես ընդհանրապես նեղացկոտ չեմ, ես զայրացկոտ եմ: Զայրանում եմ, բայց հետո իմ մեջ ոչ մի քեն չի մնում: 
-2005թ. Ս. Օհանյանի սենյակում Ձեզ ծեծի ենթարկեցին, Դուք ներե՞լ եք այդ անձանց, որոնք անգամ բաժակով ջուր էին տվել Ձզ՝ մեջը թքած: 
-Ճիշտն ասած, բոլորը ներողություն են խնդրել: Անգամ Ս. Օհանյանը: Ես էլ ասել եմ, որ եթե ինչ-որ մեկի դեմ հանցանք ունեմ գործած, ես էլ եմ պատրաստ ներողություն խնդրել: Ես ու Սեյրան Օհանյանը հիմա նորից շատ նորմալ փոխհարաբերությունների մեջ ենք: Ես էլի եմ կրկնում՝ ես վրեժխնդրություն կամ քինախնդրություն չունեմ: Այո՛, զայրացել, շատ եմ զայրացել: Ինչպե՞ս ասեմ, ուղղակի շատ բաներ կան, որ իմ դուրը չի գալիս, բայց մեր մեջ անձնական ոչինչ չկա:
-Իսկ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ս. Օհանյանի հետ, ի՞նչ առիթով:
-Հանդիպել ենք բազմաթիվ առիթներով, զանգահարել է, երբ որ ազատ ժամանակ է ունեցել: 
-Այդ ժամանակահատվածում ՀՅԴ-ն Ձեզ սատարող հայտարարությամբ հանդես եկավ, ինչո՞ւ եք այժմ նրանց դեմ դուրս եկել:
-ՀՅԴ-ն լռեց այնքան ժամանակ, երբ իրեն վճարեցին, այսինքն՝ ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին՝ ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում՝ ի դեմս Գեորգի Պետրոսյանի, որն այժմ բյուրոյի անդամ է, եւ մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդքան էր:
-ՀՅԴ-ականների կարծիքով՝ Դուք եք ծախվել իշխանություններին, դրա համար էլ իրենց քննադատում եք: Ինչի՞ դիմաց եք ծախվել:
-Հա՛, ճիշտ եք ասում: Հիմա ես իմ շքեղ դղյակից եմ խոսում (ծիծաղում է-Ս.Գ.): Անգամ ԱՄՆ-ն այդքան գումար չի գտնելու, որ ինձ կարողանա գնել: Եթե ես ինչ-որ բանի դիմաց ծախվել եմ, ապա դա հիմա պիտի երեւար, չէ՞: Ես վարձով եմ ապրում, ապրում եմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Ես Ձեզ արդեն նշեցի, թե ովքեր են ծախվել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 539 համար




Լրահոս