2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մշակվել և Կառավարության հաստատմանն է ներկայացրել Թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որն ընդունվել է կառավարության կողմից անցած դեկտեմբերին, հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման և թռիչքային պիտանիության հարցերով շարունակել է համագործակցությունը միջազգային ավիացիոն կազմակերպությունների հետ: 2015 թվականի հունիսին ԻԿԱՕ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացված աուդիտը նպատակ ուներ որոշելու պետությունում թռիչքների անվտանգության մակարդակը՝ ԻԿԱՕ-ի չափանիշների ներդրման և կիրառման ուսումնասիրման միջոցով: Այդ նպատակով աուդիտի թիմը անցակցրել է մանրամասն ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության ավիացիայի ոլորտի մի շարք կազմակերպություններում: Աուդիտի արդյունքում Գլխավոր վարչության աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի: Հայաստանի Հանրապետության կողմից ԻԿԱՕ-ի չափանիշների ներդրման աստիճանը գնահատվել է բարձր միջին համաշխարհային ցուցանիշներից՝ 84,2% համաշխարհայինի համեմատ, որը ներկա պահին կազմում է 62,9%: Այդ ցուցանիշը բարձր է տարածաշրջանի այլ պետությունների, ինչպես նաև որոշ եվրոպական պետությունների ցուցանիշներից:
2015 թվականին զգալի աշխատանքներ են տարվել նաև ավիացիոն անվտանգության ոլորտում: ՀՀ քաղաքացիական ավիացիաի համակարգում իրականացվող վթարա-փրկարարական աշխատանքները ԻԿԱՕ-ի ստուգումների արդյունքում գնահատվել են դրական: Հաշվետու տարում մշակվել և հաստատվել է ՔԱԳՎ պաշտպանության պլանը, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիական պաշտպանության ուժերի երեք ուսումնավարժանքներ, պարբերաբար իրականացվել են համապատասխան հաշվարկների մարտունակության վիճակի ուսումնասիրություններ՝ թվով 23 փորձնական տագնապների հայտարարման միջոցով: 2015 թվականին ՀՀ քաղաքացիական ավիացիաի ոլորտում անօրինական միջամտության դեպքեր չեն գրանցվել:
2015 թվականին իրականացվել է «Երևան» և «Թբիլիսի» օդային երթևեկության կառավարման կենտրոնների միջև OLDI ընթացակարգի ներդնում, համաձայն Eurocontrol-ի պահանջների և ԻԿԱՕ ձևաչափի: Այն հնարավորություն է ընձեռում ավտոմատացված համակարգերի միջոցով օդային երթևեկության կառավարման միավորների միջև նախապես փոխանակել տեղեկատվություն յուրաքանչյուր վերահսկվող թռիչքի վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս պակասեցնելու կարգավարների ծանրաբեռնվածությունը, բարելավելու թռիչքների անվտանգությունը և նպաստում է Երևանի թռիչքատեղեկատվական շրջանի թողունակության ավելացմանը:
Անկախ այն հանգամանքից, որ 2015 թվականին ուղևորահոսքի անկման հետևանքով գրանցվել է «Զվարթնոց» օդանավակայանի արտադրա-տնտեսական ցուցանիշների նվազում, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շարունակել է օդանավականի վերակառուցմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, հաշվետու տարում շարունակվել են լայն հասարակական և մասնագիտական քննարկումները համալիրի վերակառուցման հարցի շուրջ, ինչի արդյունքում կոնցեսիոները, հաշվի առնելով հանրային կարծիքը, ներկայացրել է համալիրի զարգացման նախագծի առավել ընդունելի տարբերակ: Նախագիծը նախնական հավանության է արժանացել ՀՀ վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովում, գտնվում է մասնագիտական փորձաքննության փուլում և կամփոփվի 2016 թվականի ընթացքում: