Միքայել Մինասյանը հաղթեց. ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրեց արդեն իսկ կանխատեսված հրաժարականի դիմումը: Օմբուդսմենը հույս է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:

Լավատեղյակների խորին համոզմամբ՝ Կարեն Անդրեասյանն արդեն տևական ժամանակ օմբուդսմենի, իր շահերն ու իրավունքները պաշտպանողի կարիք ուներ: Իսկ ինչո՞ւ օմբուդսմենը հրաժարականի դիմում ներկայացրեց. ինչո՞ւ հենց հիմա:

Այս հարցի պատասխանը ստանալու համար բավական է ընդամենը մի քանի ամիս հետ գնալ և վերհիշել Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի հետ ունեցած տարաձայնությունները: Բուռն քննարկումների տեղիք տված անհաշտությունները սույն անձանց միջև ծագել էին այն ժամանակ, երբ ՀՀԿ երիտասարդական թևի թիրախը դարձավ Կարեն Անդրեասյանը:

Ինչպես հայտնի է՝ իշխանությունների սիրելին համարվող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի շուրջ հասունացած սկանդալի արմատներն ավելի խորն էին, և երիտհանրապետականները բողոքում են Անդրեասյանից առաջին հերթին Միքայել Մինասյանի անմիջական հրահանգով: Իսկ Միքայել Մինասյանի կողմից նման հրահանգ իջեցնելու պատճառը հասկանալու համար բավական է հիշել, որ Վատիկանի դեսպանը և նրա հարազատ եղբայրը՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը, լարված հարաբերություններ ունեն: Գաղտնիք չէ նաև այն, որ Կարեն Անդրեասյանը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը որոշ ժամանակ առաջ կանխատեսել էր այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Իսկ կատարվածը բացատրվում է այն հանգամանքով, որ ՀՀ խորհդարանում և առհասարակ քաղաքական դաշտում կան անձինք, ովքեր համարվում են Միքայել Միասյանի «կոճակները» և անվերապահորեն կատարում են նրա հրահանգները: Այս անգամվա հրահանգը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ոչնչացնելն էր:

Այսպիսով՝ Միքայել Մինասյանը, ըստ էության, ստիպեց ՄԻՊ Կարեն Անդերասյանին հրաժարական տալ, որը հենց Մինասյանի հովանավորությամբ օմբուդսմեն դարձավ: Սակայն աշխատանքային գործունեության ընթացքում պայմանավորվածություններ խախտեց, ինչը բերեց նրա հրաժարականին՝ մոտ 2 տարի շուտ իր պաշտոնավարման ժամկետից (Կարեն Անդրեասյանը օմբուդսմենի պաշտոնին է նշանակվել 2011 թվականի մարտի 3-ին՝ 6 տարի ժամկետով):

Եվ այսպես, ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ օմբուդսմենի պաշտոնին կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ նման առաջարկ չի ստացել և այդօրինակ խոսակցություններին լուրջ չի վերաբերվում:

Սպասենք, տեսնենք…

Տաթև Հարությունյան




Լրահոս