Այս տարվա սկզբին հանրապետության տարածքում գրանցված առատ տեղումները և ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով` ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը որոշել է ՀՀ մարզերում ծավալել ժամանակավոր հենակետեր` ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այսօր` հունվարի 13-ին, ժամը 14։30-ին, ՀՀ ՏԿԱԻՆ շարահրապարակում (հասցեն` Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի մասնակցությամբ կկայանա ձնաբքի դեպքում մարդկանց աջակցության ժամանակավոր հենակետի ծավալման փորձարկումը, որի ընթացքում կներկայացվեն տվյալ իրավիճակում քաղաքացիներին օգնություն տրամադրելու միջոցները:
Սահմանված տարածքներում տեղադրվելու են արագ ծավալվող վրաններ, որոնք հագեցած են լինելու մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով: Վրանը կարող է նաև ծառայել որպես տեղում կազմակերպված փոքր շտաբ` արագ արձագանքման ծառայությունների համար:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև վիճակագրություն ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերաբերյալ: