Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր «կարանտին» է հայտարարված. հիվանդներին այցելության եկած հարազատներին ներս չեն թողնում, իսկ ներսում էլ բոլորը շրջում են պաշտպանիչ դիմակներով:
Բժշկական կենտրոնում այժմ պառկած է սուր-շնչառական վարակներ ունեցող 19 հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ. նրանցից 3-ին միացված է արհեստական շնչառություն: Armlur.am-ի հետ զրույցում վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը ներկայացրեց հիվանդների ընդհանուր վիճակն ու հիվանդության առաջին նախանշանները:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, քթերից լորձային արտադրություն. ահա H1N1 վիրուսի առաջին նախանշանները: Առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, հեռու մնալ մարդկանցից, կրել պաշտպանիչ դիմակներ:
Համընդհանուր խուճապի և մահվան այսքան դեպքերից հետո էլ առողջապահության նախարարությունը շարունակում է հայտարարել, թե համաճարակ չկա և պետք չէ խուճապի մատնվել, սակայն փաստերն այլ բան են վկայում:
Հավելենք, որ հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, երեկ` ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա` նվազել 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան