Օպերային թատրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում. նոր սկանդա՞լ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ հասունացած աղմկահարույց պատմությանը:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Մշակույթի նախարարությունում որոշում էր կայացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին: Այսպիսով` Հայաստանը, մեծ հաշվով, գլխավոր դիրիժոր չունի, իսկ այս հանգամանքը ամբողջ աշխարհում չլսված-չտեսնված երևույթ է:

Հայտնել էինք նաև, որ վերջերս վերանշանակված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը կատարվածում իր «ներդրումն» է ունեցել: Սա, կարելի է ասել, նրա միջնորդությամբ է կատարվել: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները,  նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ որոշ շահագրգիռ կողմեր ցանկություն են հայտնել գլխավոր դիրիժորի պաշտոնում տեսնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդուն:

Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի կառավարման խորհրդի անդամ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին բազմիցս «բարիով» հորդորել են հեռացման դիմում ներկայացնել, սակայն նա, բնականաբար, չի համաձայնել: Իսկ նրան հեռացնել չէին կարող, քանի որ Կարեն Դուրգարյանը խորհրդի անդամ էր: Եվ հանգուցալուծումն ահա այսպիսին եղավ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նմանատիպ պատմությունների մեջ ժամանակին ընկել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հավելենք, որ Օպերայի կանոնադրության մասին որոշումը երեք օր առաջ է կայացվել, իսկ պետռեգիստրում հաստիքի վերացման մասին որոշումը հաստատվել է երեկ:

Եվ այն ժամանակ, երբ Սերգեյ Սմբատյանն արդեն իսկ կարողանա անխափան «գործի անցնել», հաստիքը կվերականգնվի: Ի դեպ, դեռևս չճշտված տեղեկություններ կան այն մասին, որ այս պատմության մեջ մասնակիցների թիվը բավականին մեծ է: Այսպես, ըստ լուրերի՝ շոշափվում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի անունը. ասում են, թե իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով ռեկտորի դստեր ապագա ամուսինն է, հավակնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձր պաշտոններ զբաղեցնել:

Եվ ահա, ArmLur.am-ին հավաստի տեղեկություններ հասան այն մասին, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, արդեն մի քանի օր է, գեղարվեստական ղեկավար «չունի»: Բանն այն է, որ նշված պաշտոնը զբաղեցնող Գեղամ Գրիգորյանը, մեր տեղեկություններով, մեկնել է Գերմանիա: Լուրեր են շրջանառվում, թե նա այնտեղ պետք է բուժում անցնի: Իսկ հիվանդությունը գեղղեկավարի մոտ հայտնաբերվել է տարեսկզբին:

Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք ճշտել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության կապերի պատասխանատու Վահագն Զաքարյանից, ով, հղում անելով Գեղամ Գրիգորյանի օգնական Կարեն Շահինյանի խոսքերին,  փոխանցեց, որ գեղղեկավարը արտերկրում է հանգստանալու նպատակով: Նրան իր վեցօրյա հանգստի ժամանակ կփոխարինի Կարեն Շահինյանը:

Ի դեպ, մի շարք երաժիշտներ վրդովված են հատկապես Գեղամ Գրիգորյանի՝ վերջերս տված հարցազրույցներից մեկի պատճառով: Երաժիշտներին զայրացրել է այն, որ Գ. Գրիգորյանը հայտարարել է, թե պաշտոնից ազատված Կարեն Դուրգարյանի վերադարձին կողմ արվեստագետները կաշառված են: Երաժիշտների խոսքով՝ կար ժամանակ, երբ նրանք կողմ են արտահայտվել նաև Գեղամ Գրիգորյանին, ուստի` այս դեպքում ևս իրենց կարող են կաշառված անվանել:

Գեղամ Գրիգորյանը նույն հարցազրույցում նշել է, որ Կարեն Դուրգարյանի վերադարձին կողմ է 4 երաժիշտ, մինչդեռ ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել մի շարք երաժիշտների ստորագրությունները: Նրանք բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով օժանդակել Կարեն Դուրգարյանի վերադարձին: Նամակի պատասխանը, սակայն, դեռևս չի ստացվել:

Թե ինչ մութ էջեր կան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ ղեկավար անձնակազմի դեմ բողոքները գնալով շատանում են: Ի դեպ, քիչ չեն նաև հենց Կարեն Դուրգարյանի դեմ դուրս եկած արվեստագետները: Կրկին շրջանառվող լուրեր կան, թե նրա գործելաոճից ևս բազմաթիվ բողոքներ են եղել:

Իսկ ահա տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ, կարծես, ընդհատակ է անցել: Աշխատակիցների հարցերին՝ ինչո՞ւ կատարվեց այս ամենը, նա անորոշ պատասխաններ է տալիս՝ ասելով, թե ինքն այդ գործերով չի զբաղվում:

1

2

3

4

Տաթև Հարությունյան




Լրահոս