2015թ. սկսվեց սահմռկելի մի հանցագործությամբ. հունվարի 12-ին դաժան սպանություն տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Մյասնիկյան փողոցի 188 տանը լուսադեմին սպանվել էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամները:
Սահմռկեցուցիչ սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ավտոմատով լքել էր զորամասը, որից հետո, ըստ նախնական վարկածի, մուտք գործել Ավետիսյանների տուն եւ սպանել վերջիններիս: Դատաքննությունը դեռեւս շարունակվում է:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նա գնահատում ողջ տարվա աշխատանքները մարզում, ու արդյո՞ք Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունից հետո գյումրեցին ապրում է հավատով:
-Պարո՛ն Ցոլակյան, 2015թ. առաջին օրերին Շիրակի մարզում մարդիկ ուշքի չէին գալիս Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության պատճառով: Կարելի է ասել, որ ողջ տարին այդ դժբախտության բացահայտման ու մեղավորի պատժման հույսով էին ապրում մարզի բնակիչները: Ի՞նչ արվեց գործի բացահայտման ու մարզի բնակիչների ցավը մեղմելու համար:
-Իսկապես, տարին շատ վատ սկսվեց, շատ ցավալի իրողություն էր բոլորի համար, ողջ Հայաստանը ցնցվեց տեղի ունեցածից: Այս տարվա ընթացքում իրավապահ մարմիններն ամեն ինչ արել են գործի բացահայտման համար, ու կարծում եմ, որ առաջին իսկ օրն էլ տեղի ունեցածը բոլորի համար հասկանալի էր: Բառերով չի կարելի նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ, բայց որեւէ մեկը որեւէ բան չի կարող փոխել, ցավոք սրտի, մենք ունեցանք այդ ցավալի դեպքը: Պրոցեսն այսօր գնում է, իսկ մեր միակ նպատակն է, որպեսզի հանցագործը պատիժ ստանա իր կատարածի համար: Իսկ մյուս ոլորտներում մենք ունեցել ենք հաջողություններ՝ գյուղատնտեսությունում աննախադեպ գյուղմթերք ենք ստացել, շինարարության մեջ բազմաթիվ կառույցներ շահագործման են հանձնվել, այդ վատ ֆոնի վրա բավականին լավ բաներ են եղել մարզում:
-Չնայած դրան, մարզի բնակիչները շարունակում են բողոքել իշխանություններից. գաղտնիք չէ, որ հատկապես Գյումրին ՀՀ-ի ամենաաղքատ եւ ամենաըմբոստ քաղաքն է, ինչը դրսեւորվեց նաեւ վերջին հանրաքվեի ընթացքում:
-Իսկապես, այս տարվա ընթացքում բավականին գործ է արվել, ու թեթեւացվել են այն հոգսերը, որոնք առկա էին մարզում, գործեր արվել են, ու 2016թ գործերը, որոնք նախատեսված են, շատ ավելի մեծ են, շատ ավելի էֆեկտիվ կլինեն մարզի համար, դրանք կլինեն շատ ավելի երեւացող: 23 մլն եվրո վարկ կտրամադրվի Գյումրի քաղաքին, 10 մլն արտոնյալ վարկ է լինելու, խոսքը գնում է նաեւ այն կառույցների մասին, որոնց շինարարությունը սկսվել է ու արդեն կավարտվի 2016թ.: Այսինքն՝ սկսված գործընթացներն ավարտվելու են, ու դրանք այն աշխատանքներն են, որոնք երեւացող են: Բավականին լայն թափով շինարարական պրոցեսներ են ընթանալու մարզում՝ սկսած ջրագծերից, դպրոցաշինության, մանկապարտեզների շինության եւ այլ աշխատանքներ են ընթանալու: Այսինքն՝ բոլոր ոլորտներում լինելու են բավականին մեծ աշխատանքներ, մենք այս տարվա ընթացքում ինչ իրականացրել ենք, ու դրանք մնացել են կիսատ, դա հասցնելու ենք իր ավարտին, մյուս տարի լինելու է գործընթացներն ավարտին հասցնելու ժամանակաշրջան:
-Տարիներ շարունակ ասվում է, որ Գյումրիում շինարարական հսկայածավալ ծրագրեր են իշխանություններն իրականացնում, սակայն մինչեւ այսօր Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում: Ինչո՞ւ չի հաջողվում վերջապես մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը:
-Տեղյակ եք «Գյումրին առանց տնակների» ծրագրի մասին, որն արդեն սկսել է գործել, մյուս տարի արդեն կտեսնեք, թե այն ինչ հաջողություն է ունենալու: Ու բազմաթիվ ծրագրեր կան, որոնց միջոցով գյումրեցիներին տրվում են բնակարաններ, ու դրանից հետո կտեսնեք, թե այդ ծրագրի իրագործման շնորհիվ ինչքան դոմիկ կարող ենք ազատել ու բնակարաններ տրամադրել բնակիչներին: Պատկերը փոխվել է, ու բավականին շատ դոմիկներ պակասել են, իհակե, դեռ շատ կան բնակարանների պահանջներ, որոնք լուծելու ենք նաեւ հաջորդ տարի: Դուք ճիշտ եք այդ հարցում, իսկապես, այդ խնդիրը դեռեւս շարունակում է լինել մեր մարզում: Շատ ծրագրեր կան, որոնք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք: Հավատացեք, որ մենք էլ ենք ցանկանում, որպեսզի բոլոր գյումրեցիներն ապրեն իրենց սեփական բնակարաններում ու ոչ թե տնակներում, իսկ դրանք իրագործվում են, իրատեսական են դառնալու: Հուսանք ու սպասենք, փոփոխություններն արդեն զգացվում են:
-Պարո՛ն մարզպետ, արդյո՞ք ՀՀ իշխանությունները գոհ են Ձեր կատարած աշխատանքից, արդյո՞ք հաջորդ տարի եւս շարունակելու եք պաշտոնավարել:
-Ես չեմ կարող իմ աշխատանքին գնահատական տալ, փառք Աստծո, նորմալ աշխատել եմ:
«ՄՈՒՐԱԴԸ ԿԱՏԱՂԵԼ Է». ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ
Երեկ՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, հարց ներկայացնողներին նկատողություն է տվել: Ավելին՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացրած հարցը չի հաստատել ու բարկացել է թերի նախագծի համար:
Նիստի ժամանակ ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վ. Տերտերյանը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկվում էր հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսված 8.4 մլն դրամը ուղղել Արմավիրի մարզպետարանի՝ էլեկտրաէներգիայի ձեւավորված պարտքի մարմանը՝ հայտարարելով, որ ամռանը նորմայից ավելի շատ օդորակիչներ են օգտագործվել: «Սա չեմ ստորագրելու, մինչեւ հիմնավորումը չլինի, ի՞նչ է նշանակում՝ լրացուցիչ օգտագործել են: Ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորի. 500 հազար դրամ չէ, 300 հազար դրամ չէ, 7 մլն 700 հազար դրամ է: Եթե տնտեսված փող կա, չի նշանակում՝ մենք պետք է այդ փողերը բաժանենք այս կամ այն կողմ, պիտի հիմնավորում լինի: Մինչեւ հիմնավորում չներկայացնի մարզպետը, սա չենք ստորագրելու, եւ նաեւ պիտի բացատրություն տա, թե ինչի՞ համար է այդքան ծախսվել, ուրիշ մարզպետարաններում, նախարարություններում չկա՞ն»,-վրդովված հայտարարել է վարչապետը:
ՀՀ ԳՆ առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն էլ ներկայացրել է, որ ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել 453 գլուխ տոհմային երինջներ. «Հաշվի առնելով, որ երինջների ներմուծումը նախատեսված է իրականացնել ձմեռային ամիսներին, ինչը ռիսկային է, առաջարկվում է ներկրումն իրականացնել 2016թ. ապրիլ-մայիսին, ինչի համար անհրաժեշտ է երինջների գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ ապրանքների մատակարարման վերջնաժակետը սահմանելով մինչեւ 2016թ. մայիսի 30-ը»,- ներկայացրել է Բաղիյանը: Վարչապետը հարց է ուղղել, թե ինչու մինչ այս չեն ներկրել, ինչին փոխնախարարը պատասխանել է, թե մրցույթն անցկացրել են նոյեմբերի վերջին, իսկ դեկտեմբերին արդեն եղանակային պայմանները լավ չեն եղել:
Վարչապետը կրկին բարկացել է, թե ինչի՞ համար են այդ ժամանակ անցկացրել: Գ. Բաղիյանը հայտարարել է, թե այս տարի 2 անգամ են մրցույթ իրականացրել, մի անգամ գարնանը, երբ ներկրվել է 257 գլուխ, մուսն էլ` նոյեմբերին. «Գրավոր բացատրություն կներկայացնեք, եւ պիտի նաեւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր ուշացրել են»,-վրդովված նշել է վարչապետը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2016-2017թթ. ԱՆ կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաեւ նախազորակոչիկների եւ զորակոչիկների համար պատվաստանյութերի եւ պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից: Այս անգամ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Սակայն Ա. Մուրադյանը շրջանցել է հարցի պատասխանը, ինչին եւս վարչապետի արձագանքը չի ուշացել. «Իմ հարցին չպատասխանեցիք: Իմ հարցի պատասխանը կտաք հետո»,-եզրափակել է վարչապետը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վարչական տույժի է ենթարկել «Արհագ» ընկերությանը: Բանն այն է, որ նշված ընկերությունը 2015 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը չի ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Իսկ վճարողների կողմից բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններին չներկայացնելը, ինչպես նաեւ դրանք ոչ սահմանված ձեւով, աղավաղումներով անստորագիր ներկայացնելն իրենից ենթադրում է վարչական իրավախախտում: Արդյունքում «Արհագ» ընկերության տնօրեն Վարդան Բադասյանը նոյեմբերի 3-ին վերը նշված նախարարության կողմից ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տույժի:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՁՄԵՌ ՊԱՊԸ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, այն պատգամավորներից է, ում ստացած նվերներին նույնիսկ արաբ շեյխերը կարող են նախանձել: Օրինակ՝ պատգամավորի 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա այդ տարի իբրեւ նվիրատվություն ստացել է 348 մլն 160 հազար դրամ, իսկ, ահա, 2014-ին՝ Համբարձումյանի ստացած «նվերը» կազմել է 783.5 մլն դրամ: Արկադի Համբարձումյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2014 թվականին կազմել են մոտ 4 մլն դրամ: Ի դեպ, նրա պատգամավորական աշխատավարձը ամսական կազմում է 491 հազար դրամ: Բացի այդ՝ նա 2014 թվականին վարձակալության դիմաց ստացել է 3 մլն 200 հազար դրամի եկամուտ:
ԼՈՒԾԱՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ սկսվել է «Թալգրիգ» ՍՊԸ-ի լուծարման վարույթը: Դատարանի նշված որոշմամբ կասեցվել է «Թալգրիգ»-ի գործունեությունը, գույքը պարտապանի կողմից անձամբ կառավարելու եւ տնօրինելու բոլոր իրավունքները: Նշենք, որ 1999 թվականին հիմնադրված «Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի եւ ալյուրի արտադրությամբ ու ներմուծմամբ: Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը: «Թալգրիգ» արտադրատեսակները սովորաբար տեղական շուկայում վաճառվում էին ավելի մատչելի գներով, քան մյուս ընկերությունների համանման ապրանքները: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան «Թալգրիգ»-ին սնանկ ճանաչելու պահանջով: «Թալգրիգ»-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ընկերությունը սնանկացել է վերը նշված բանկի գործունեության պատճառով: