«Հիմա ինչ ասենք, մեր դեմ է դուրս գալու». Գառնիկ Մարգարյանի հարազատները վստահ են՝ ձերբակալությունը պատվեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ԱԱԾ-ի կողմից նախօրեին ձերբակալվեց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, հանրության մի հոծ զանգված վստահաբար սկսեց պնդել, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ թյուրիմացություն: Մարդիկ վստահ են, որ ընդդիմադիր աներեր հայացքների տեր Գառնիկ Մարգարյանը «զինված հանցախմբի» անդամ լինել չի կարող:

Ինչպես հայտնի է՝ երեկ ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Նրանք, ըստ ԱԱԾ-ի, կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

ArmLur.am-ի թղթակիցն այսօր այցելեց Գառնիկ Մարգարյանի բնակարան՝ հասկանալու համար՝ ինչպես են վերաբերվում կատարվածին նրա հարազատները: Ձերբակալված քաղաքական գործչի դուստրն ու որդին՝ Լիլիա և Գևորգ Մարգարյանները, հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել կատարվածը. «Հիմա ինչ ասենք, մեր դեմ է դուրս գալու: Սա վերևների պատվերն է: Ամեն ինչ փաստաբանից ճշտեք: Ոչինչ ասել չենք ցանկանում»,- ասաց Գևորգ Մարգարյանը:

Հավելենք, որ Գառնիկ Մարգարյանի հետ միասին ձերբակալված «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի հրամանատար Վլադիմիր Առաքելյանի մտերիմներն ու հարազատները ևս զարմացած են տեղի ունեցածից: «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության գործադիր տնօրեն Միշա Ուլիխանյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընկերության տնօրեն Վլ. Առաքելյանի ձերբակալությանը, հայտնեց, որ ինքն այս մասին անգամ տեղյակ չէր: Գործադիր տնօրենը զարմացած է կատարվածից. «Ես նրան տոներից առաջ եմ տեսել վերջին անգամ: Երկրում չեմ հիմա: Երբևէ չեմ լսել, որ նման գործերով զբաղվելու նպատակ է ունեցել: Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչու պետք է նման բան լիներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Այս գործով ազատամարտիկների, հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների և շրջաններից այլ քաղաքացիների ձերբակալություններն ու կալանավորումները բազմաթիվ հարցեր են առաջ բերում: Նրանց թվում մարդիկ են, որոնց հանրությունը ճանաչում է որպես հայրենասերի: Իսկ թե զարգացումներն ինչպիսին կլինեն՝ դժվար է կանխատեսել:




Լրահոս