«ԲՀԿ-ՈՒՄ ՉԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳԾԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե իր համար անհասկանալի է այն, որ իրեն համարում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահելին ԲՀԿ-ում: Մեր զրուցակիցը նշեց, որ ԲՀԿ-ում բոլորն էլ նույն կերպ են մտածում եւ շարժվում են մեկ գծով:
-Պարո՛ն Մարգարյան, նախօրեին՝ Աբովյանում եկեղեցու բացման արարողության ժամանակ, Դուք առանձնազրույց ունեցաք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի՞նչ էիք քննարկում:
-Ի՞նչ կարող էինք քննարկել եկեղեցու բացման օրը: Ըստ Ձեզ՝ եկեղեցու բացման օրն ինչո՞ւ պետք է ինչ-որ քաղաքական հարց քննարկեինք: Զրուցում էինք, չէինք տեսնվել վաղուց: Ռոբերտ Քոչարյանի հետ ես 10 տարի աշխատել եմ, նա եղել է մեր երկրի նախագահը, ես աշխատել եմ նրա հետ: Տեսել ու բարեւել եմ նրան, հարցրել ենք միմյանց որպիսությունը եւ հիացել ենք եկեղեցով: Այսքանը:
-Դուք համարվում եք Ռոբերտ Քոչարյանի վստահելին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, մարդ, որը ԲՀԿ-ում է, որպեսզի «ներքին» կարգով առաջ տանի Քոչարյանի քաղաքական գիծը:
-Ուրեմն ԲՀԿ-ն ունի իր քաղաքական գիծը, եւ ես գնում եմ այդ գծով, որը մենք ընդհանուր քննարկում ենք: ԲՀԿ-ում չկան տարբեր գծեր, խոսքը ոչ թե անհատականությունների, այլ լուրջ քաղաքական գծերի մասին է: Ցանկացած բան մենք կարողանում ենք քննարկել, եւ անկեղծ ասած, չեմ կարծում, որ այնտեղ պետք են առանձին մարդիկ, առանձին գծեր, որ ինչ-որ բաներ տանեն: Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում լինել Քոչարյանի վստահելին: Անկեղծ ասած, Ձեզանից եմ լսում դա, ի՞նչ է նշանակում՝ լինել Քոչարյանի վստահելին: Քոչարյանն ի՞նչ է անում, որ ԲՀԿ-ում նրա վստահելին լինեմ կամ չլինեմ: Շատերն են աշխատել Ռ. Քոչարյանի հետ, ինչի՞ մասին է խոսքը, ես անկեղծ եմ ասում՝ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում Ձեր ասածը: Չեմ կարծում, որ դա քննարկելու թեմա է:
-Ռ. Քոչարյանը հարցով պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն: Ձեր կարծիքով` նա այդ կերպ փորձում էր «ճշտե՞լ» իր վերադարձի հետ կապված հասարակության վերաբերմունքը:
-Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել: Դա շատ նուրբ հարց է, եւ այդ հարցին միայն ինքը կարող է պատասխանել:
-Այնուամենայնիվ, նրա հակադարձող հարցին որեւէ մեկը չպատասխանեց, իսկ Քոչարյանն էլ նշեց, որ եթե ինչ-որ մի լրագրող իր հարցին պատասխաներ, ապա նրան աշխատանքից կհեռացնեին: Ըստ Ձեզ` Ռ. Քոչարյանի վերադարձն այդքան վտանգավո՞ր է դարձել այս իշխանությունների համար:
-Ես ուղղակի կասեի, որ նա եկել էր եկեղեցու բացման արարողությանը եւ ոչ թե, ասենք, քաղաքական ասուլիս տալու: Երբ ինչ-որ բան ունենա ասելու, կարծում եմ՝ ինքը կհրավիրի լրագրողների եւ կասի: Մենք այդ օրը բոլորս գնացել էինք եկեղեցու բացման արարողությանը, որն ինքն իրենով բավական լուրջ արարողություն էր: Անկեղծ ասած, ես նման բաները չեմ կարող մեկնաբանել:
-Նույն օրը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Ձեզ համար Ձեր առաջնորդի հայտարարությունը հասկանալի՞ էր:
-Այո՛, հասկանալի էր, ու Նաիրա Զոհրաբյանն արդեն պատասխանել է այդ հարցին, ես կիսում եմ դա:
-Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո կարծես թե Ն. Զոհրաբյանն ու ՀԱԿ-ն իրենց «պարտքը» համարեցին «սրբագրել» ԲՀԿ առաջնորդի խոսքերը: Ինչո՞ւ: Մի՞թե Գ. Ծառուկյանն անհասկանալի էր խոսել:
-Ի՞նչն են սրբագրում: Ն. Զոհրաբյանն ասել է այն, ինչը պետք է հասկանալ դրա տակ: Ն. Զոհրաբյանի ասածը ես կիսում եմ:
-Ինչո՞ւ եք այդքան համառորեն  խուսափում ընդդիմություն լինելուց: Ընդդիմադիր լինելը վա՞տ բան է:
-Ես չեմ կարծում, որ ընդդիմություն լինելը վատ է կամ լավ է, ընդդիմություն լինելը կախված է նշված ուժի տեսակետից այս կամ այն հարցի շուրջ: Ես միշտ ասել եմ, որ մենք կառուցողական դաշտում ենք գտնվում: Որ ասում եք` բոյկոտել կամ դեմ քվեարկել, ապա դրանք այն հարցերն են, որոնք համարում ենք ոչ ճիշտ: Եվ բազմաթիվ հարցեր կան, որ մենք պաշտպանել ենք, աջակցել ենք եւ կողմ ենք քվեարկել: Ու մենք կշարունակենք այդ գիծը: Մենք համարում ենք, որ դա է ճիշտը:
-Շուտով կառավարությունը կներկայացնի իր նոր ծրագիրը: Դուք արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ինչպես եք քվեարկելու:
-Կներկայացնեն` կասենք: Մենք կառուցողական ուժ ենք, եթե ծրագիրը լինի լավը, մենք կաջակցենք, եթե չի լինի, ապա դեմ կքվեարկենք: Մենք անցած անգամ դեմ ենք քվեարկել, քանի որ համարել ենք, որ այն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին չի համապատասխանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս