ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱ Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, իսկ կադրային, այդ թվում՝ մարզպետերի փոփոխության հարց չի քննարկվել: Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ հայտնել է, որ կառավարության նոր ծրագիրը ներկայացվել է քննարկման եւ երկուշաբթի արդեն կներկայացվի ԱԺ-ում: Ուշագրավ է, որ ըստ Շարմազանովի՝ հանրապետականները չեն քննարկել գազի գնի բարձրացման հարցը:

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ինչպե՞ս են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում գնահատում հոկտեմբերի 27-ի գործով Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքների հրապարակումը հենց այս օրերին: «ԳԱԼԱ»-ի այս հարցին ի պատասխան՝ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Եթե չեմ սխալվում, դատավարությունը բաց է եղել, եւ այդ նյութերը՝ հրապարակային, եւ ես խնդիր չեմ տեսնում: Եթե այդ ցուցմունքները հրապարակվում են ամբողջությամբ, նկատի ունեմ՝ եթե արժանահավատ են, եւ տեքստերը պահպանված են, ես խնդիր չեմ տեսնում, որպեսզի հասարակությունը կամ հասարակության այն հատվածը, որոնց հետաքրքիր է, այդ տեքստերի հետ ծանոթանան»: Ինչ վերաբերում է նրան, թե դրանք որքանով են պայմանավորված քաղաքական գործոնով, Վ. Սողոմոնյանը պատասխանել է. «Ես չէի ուզենա դատողություններ անել: Ասեմ, որ եթե ես ճիշտ եմ հասկացել, դրանք ամբողջությամբ են հրապարակվում: Իսկ դատողությունների հետ կապված՝ ես չէի ուզենա վերլուծել, գուցե այն լրատվամիջոցներին հարցնեք՝ ինչու են տպագրում»:

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ
Էդուարդ Շարմազանովը երեկ անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ընդդիմություն չդառնալու մասին հայտարարությունը նրա կուսակցականների կողմից սրբագրելու փորձերին. «Փաստեցինք, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար: Իսկ թե ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է»:

ԼԱՎ ԷԼ ԱՀԱԲԵԿԵ՛Ք
Մինչ երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում էր կուսակցության ԳՄ նիստը, շենքի առջեւ՝ անձրեւի տակ, կրկին հավաքվել էին Հանրապետության փողոցի բնակիչները: Նրանք բողոքում են, որ իրենց տները քանդել են, խոստացել, որ նոր բնակարաններ կտան, բայց չեն տվել, ու հիմա իրենք հայտնվել են փողոցում: Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձեց զրուցել հավաքվածների հետ, վրդովված քաղաքացիներից մեկն ասաց. «Այնպես չանեք, որ արդեն ժողովուրդը ոտքի կանգնի»: Ի պատասխան` ԱԺ նախագահն արձագանքեց. «Մի՛ ահաբեկեք»: Քաղաքացին էլ պատասխանեց. «Չենք ահաբեկում, բայց արդեն 6 տարի փողոցում ենք մնացել»:




Լրահոս