ԲԵՌՆՎԱԾ ՄԵՔԵՆԱՆ՝ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնի էկոլոգիայի տեսուչ 37-ամյա Տիգրան Մելիքյանը սպանել է Ահնիձոր գյուղի բնակիչ, Մոտկորի անտառտնտեսության անտառապետ 35-ամյա Թովմա Մաթեւոսյանին: Սպանողի եւ սպանվածի միջեւ վեճը երկու օրվա պատմություն է ունեցել:
Նշենք, որ Թովմա Մաթեւոսյանը գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր` Համո Մաթեւոսյանի որդին էր, իսկ Համո Մաթեւոսյանն Ահնիձորի դպրոցի տնօրենն է: Թովման ամուսնացած էր եւ ուներ երկու անչափահաս դուստր: Նրա ծնողներն ապրում են Ահնիձորում: Իսկ ինքն ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Վանաձորի Դիմաց թաղամասում:
«Ժողովուրդ»-ի Վանաձորի թղթակիցը երեկ եղել է Բաղրամյան փողոցում գտնվող «Գանձակ» սուպերմարկետի տարածքում: Նրա հետ զրույցում տվյալ հասցեում ապրող բնակիչները պատմել են, ոչ մի վիճաբանություն այդ ժամերին չեն լսել: «Գանձակ» սուպերմարկետի տնօրենը նույնպես անտեղյակ է եղել կատարվածից:
Հավելենք, որ, ինչպես շատ վանաձորցիների, այնպես էլ Ահնիձորի բնակիչների համար տեղի ունեցածն անհասկանալի եւ անհավատալի է: Շատերի բնութագրմամբ՝ Թովման հավասարակշռված եւ մեծ հարգանք վայելող անձնավորություն էր, ու համագյուղացիների համար շատ տարօրինակ էր, թե ինչը կարող էր լինել նրան սպանելու պատճառը: «Հայրը, մայրը կրթված մարդիկ են, ինքն էլ ունի մեկ քույր: Աշխատող, շատ լավ անձնավորություն էր: Նրա երեխաներից մեկը երեք ամսական է, մյուսը ոնց որ 3 տարեկան»,-հուզված պատմեց ահնիձորցիներից մեկը:
Ահնիձորի ղեկավար Վանիկ Քառյանը եւս շատ լավ ճանաչում էր Թ. Մաթեւոսյանին, եւ նրա կարծիքով՝ Թովման այն մարդը չէր, որ նման բախտի արժանանար. «Թովման գյուղում շատ հարգված մարդ էր, ճիշտ է, ապրում էր Վանաձորում, բայց ամբողջ գյուղը սգում է նրա կորուստը: Լուրջ, գործունյա տղա էր, իմ իմանալով՝ ոչ մեկի հետ խնդիրներ չուներ»:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Թ. Մաթեւոսյանի հորեղբոր որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի հետ: Նա ասաց, որ դեպքի մասին իմացել է կեսգիշերին, իսկ Թովմայի կնոջն այդ մասին տեղյակ են պահել ավելի ուշ: «Սպանության պատճառը եղել է մասնագիտական գործունեությունը, անտառահատման հետ կապված կոնֆլիկտ են ունեցել, դրա նման մի բան է եղել, եւ արդյունքում տեղի է ունեցել այս դեպքը: Ճիշտն ասած, մյուս կողմը փախուստի մեջ է, եւ մենք միայն նման խոսակցություններ գիտենք»,-նշեց Հրանտ Մաթեւոսյանի որդին:
Պարզվում է՝ Թովման եւ Տիգրանը վաղուցվանից են միմյանց ճանաչել: Այս մասին եւս մեզ ասաց Դավիթ Մաթեւոսյանը: «Բայց նրանց միջեւ կոնֆլիկտը երկար ժամանակվա պատմություն չունի: Ես այսօր (երեկ-խմբ.) այդ մասին հետաքրքրվել եմ նրա գործընկերներից: Կատարվածը մեկ կամ երկու օրվա ընթացքում ծագած կոնֆլիկտի արդյունքում է եղել»,-տեղեկացրեց Դ. Մաթեւոսյանը՝ հավելելով, որ այլ բան չգիտի սպանություն իրականացրած Տիգրանի մասին, քան այն, որ ընտանիք ունի:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ սպանված Թովմա Մաթեւոսյանի գործընկերների հետ, որոնք փոխանցեցին, որ էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանի եւ անտառապետ Թովմա Մաթեւոսյանի վեճը սկսվել է անտառանյութով բեռնված մի մեքենայի ակտ կազմել-չկազմելու մասին թեմայից: Արդյունքում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: Տիգրանը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է անտառապետին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տեղի ունեցածի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով): Տիգրանը դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել Է հետախուզում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս