ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, գազի գնի բարձրացման հետ կապված, ՀՀ կառավարության շենքի առաջ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ներկա էին նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Բարեւ Երեւան» դաշինքի եւ Երեւանի ավագանու անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Դավիդ Սանասարյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ու բազմաթիվ բնապահպան ակտիվիստներ:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «Հայռուսգազարդ»-ի ներկայացրած հայտում որպես գազի նոր գին (մինչեւ 10 հազ. խմ գազ սպառողների համար) ֆիքսված է 221.000 դրամը` յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց (կամ 221 դրամ` 1 խմ-ի դիմաց), այսինքն` թանկացումը մոտ 64% է: Սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց, որ գազի սակագնի թանկացման 30 տոկոսը կառավարությունը վերցնելու է իր վրա: Նա խոստացավ նաեւ, որ գազի սակագնի վերաբերյալ բոլոր քննարկումները լինելու են բաց:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանն այս խնդրի հետ կապված նամակ փոխանցեց կառավարության նամակների ու դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, որից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Սարյան 22 հասցեում գտնվող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այնտեղ ակցիայի մասնակիցներից մի քանիսը լրագրողների հետ միասին հանդիպեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
««Հայռուսգազարդ»-ի կողմից հանձնաժողովին ներկայացված հայտը հիմա ուսումնասիրության ընթացքում է: Առաջիկայում, երբ ուսումնասիրությունները կավարտվեն, եւ մեր մոտեցումները կճշգրտենք, կտեղադրենք կայքում եւ կսկսենք հանրային լսումները: Ես էլ շատ կուզեի, որ գազի գինն ընդհանրապես չբարձրանար, որովհետեւ սպառող եմ, եւ իմ գրպանին էլ է հարվածում: Գազի գինը բարձրանալու է, թե ինչ չափով, այդ չափի մեծությունն է այսօր քննարկվում»,-հայտարարեց Ռ. Նազարյանը: Նրա հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ եւ հանձնեցին նամակը:
Ակցիայի մասնակից Կարեն Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս ակցիան շարունակական է լինելու: Սա այն դեպքն է, երբ շահագրգռված է, ըստ էության, յուրաքանչյուրը` անկախ իր սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, քաղաքական հայացքներից: Դրանից բխում է այն, որ այս թանկացումը` թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի, եւ որպես դրա անուղղակի հետեւանք` լայն սպառման ապրանքների ու ծառայությունների թանկացումները, հարվածելու են յուրաքանչյուրիս գրպանին` լրագրողից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախօրեին ձեւավորվել է հատուկ խումբ՝ «Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը»: Խումբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում սկսվելու են բողոքի զանգվածային ցույցեր: Մինչդեռ Գյումրիում եւ Վանաձորում երեկվա բողոքի ակցիային, լրագրողներից բացի, ոչ ոք չի եղել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս