ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ավելի քան 14 տարի ղեկավարում է սահմանամերձ մարզը: Մի քանի տարի առաջ ինչ-ինչ ցուցանիշների համար կառավարության կողմից Հայաստանի լավագույն մարզպետ է ճանաչվել: Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետն Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել:
2012 թվականի դեկտեմբերի 6-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը մարզպետարանում կազմակերպել էր «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական  վերահսկողությունը Տավուշի մարզում» խորագրով քննարկում, որի ընթացքում Ղուլարյանը հանդես եկավ կոռուպցիայի դեմ պայքարի մասին երկարաշունչ ճառով: «Կոռուպցիայի երեւույթն ազդում է հասարակության բոլոր ոլորտներում բնականոն զարգացմանը, ինչը կենսականորեն կարեւոր է դարձնում դրա կանխարգելմանը եւ իսպառ վերացմանն ուղղված գործողությունները: Անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը կարող է ուղղակիորեն վնաս հասցնել ժողովրդավարական ինստիտուտներին, ազգային տնտեսություններին եւ օրենքի գերակայությանը: Կոռուպցիայի կանխարգելումը եւ արմատախիլ անելը բոլորիս պարտականությունն է»,-նշեց մարզպետը:
Հիմա տեսնենք՝ կոռուպցիայի վերաբերյալ մարզպետի խոսքերն ու գործերը որքանով են համընկնում: Շուրջ մեկ տասնամյակ լույս է տեսնում «Տավուշ» մարզային թերթը, որի վրա գրված է՝ «մարզային լրատու»: 8-էջանոց, 2 տպագրական մամուլ ծավալով, միջինը ամսական մեկ անգամ տպագրվող թերթը… գլխավոր խմբագիր չունի, պարբերականը ղեկավարում է խմբագրական խորհուրդը: Մարզային այդ թերթը հրատարակվում է «Սահմանաքար» ՍՊԸ-ի կողմից: Թերթում գրված է խմբագրության հասցեն՝ ք. Իջեւան, Սահմանադրության 1: Դա մարզպետարանի հասցեն է, թերթի խմբագրակազմը հիմնականում մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինն է: Տավուշի մարզում «Տավուշ» թերթը համարվում է «մարզպետարանի թերթ»:
Ըստ օրենքի՝ կառավարությունը կամ նրա տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարանը թերթ հրատարակելու, այսինքն՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չունեն: Միայն Հայաստանի ԱԺ-ն ունի պաշտոնաթերթ՝ «Հայաստանի Հանրապետություն»-ը: Նշենք, որ «Տավուշ» թերթում տեղ են գտնում մարզպետարանի ինտերնետային կայքում (www.tavush.gov.am) զետեղված պաշտոնական կամ կիսապաշտոնական նյութերը, մարզպետի ընդունելությունների եւ տարբեր միջոցառումների մասին տեղեկությունները: Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկությունները՝ մարզի բժշկական հաստատությունները, սոցիալական ծառայությունները, դպրոցները, ինչպես նաեւ մարզի համայնքապետարանները, իրենց հայտարարությունները վճարովի հիմունքներով տպագրում են «մարզպետարանի թերթում»:  Դա բավական մեծ գումար է կազմում: Իսկ այն հայտարարությունները, որոնք չեն տպագրվում «Տավուշ» թերթում, եթեր են հեռարձակվում մարզային «Տավուշ» հեռուստաընկերության միջոցով, որի փաստացի սեփականատերն Արմեն Ղուլարյանն է: Այդ հեռուստաընկերության բաժնետեր էր գրանցված Արմեն Ղուլարյանի եղբոր կինը: Թե հիմա մարզպետի փաստացի սեփականություն հանդիսացող  հեռուստաընկերությունը նրա եղբոր կնոջ, թե այլ բարեկամի անունով է գրանցված, մեզ հայտնի չէ: Փաստն այն է, որ մարզպետն իր պաշտոնական դիրքն օգտագործում է թերթի եւ հեռուստաընկերության միջոցով բիզնես անելու համար: Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս