ՀԵՆՐԻԽԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում արդեն հայտնի են չեմպիոնն ու մրցանակակիրները, որոնցից առաջինը` Գյումրու «Շիրակ»-ը, կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարին: Արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Երեւանի «Միկա»-ն ու Կապանի «Գանձասար»-ն իրավունք նվաճեցին մասնակցելու Եվրոպայի լիգայի մրցաշարին: Այդ իրավունքը նվաճել է նաեւ Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը:
Սակայն դեռեւս պարզ չէ, թե ով կզբաղեցնի վերջին` ութերորդ հորիզոնականը, եւ կլքի բարձրագույն խումբը: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ 33 միավորով յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է Երեւանի «Արարատ»-ը, ութերորդը` 31 միավորով Երեւանի «Բանանց»-ը: Վերջին տուրում, որը կայանալու է մայիսի 18-ին, «Փյունիկ»-ն ընդունելու է «Արարատ»-ին, «Բանանց»-ը` «Ուլիս»-ին: Ի դեպ, ըստ տարածված խոսակցությունների՝ չի բացառվում, որ այդ երկու թիմերից ոչ մեկը, անկախ զբաղեցրած տեղից, չլքի բարձրագույն խումբը, եւ եկող մրցաշրջանում Հայաստանի առաջնությանը մասնակցի արդեն 9 թիմ: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության առաջին խմբի հաղթող Մարտունու «Ալաշկերտ»-ը եւս հանդես կգա բարձրագույն խմբում:
Մինչ ավարտին է մոտենում Հայաստանի առաջնությունը, օրեցօր ավելի են շատանում մեր երկրի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ից այլ ակումբ տեղափոխվելու մասին խոսակցությունները: Մասնավորապես, ֆուտբոլային փորձագետ, նախկինում Մոսկվայի Լոկոմոտիվի հարձակվող Օլեգ Գարասն այն կարծիքն է հայտնել, որ հայազգի ֆուտբոլիստն ի զորու է հանդես գալ եվրոպական ցանկացած ակումբի կազմում. «Դժվար է ասել` մրցաշրջանի ավարտից հետո նա կմնա «Շախտյոր»-ում, թե ոչ: Դա ակումբի ղեկավարության խնդիրն է: Սակայն միաժամանակ վստահ եմ, որ Մխիթարյանը չի մնա ոչ մի եվրոպական ակումբի ստվերում»:
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Յուվենթուս» հնարավոր տեղափոխության մասին պտտվող լուրերը. «Մխիթարյանի տրանսֆերը դժվար կլինի կազմակերպել, քանի որ «Շախտյոր»-ը նրա դիմաց շատ բարձր գին է պահանջում: Սակայն բանակցություններն ընթացքի մեջ են: Անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի Իտալիա»:
Իսկ Հենրիխն Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում իր գոլերի քանակը հասցրեց 24-ի՝ այդպիսով երկու գնդակով գերազանցելով Սերգեյ Ռեբրովի եւ Մաքսիմ Շացկիխի ռեկորդը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս