Դատավորը կաշկանդված է, իսկ Պերմյակովը ճաղավանդակում իրեն ավելի լավ է զգում. ինչ է կատարվում Ավետիսյանների սպանության գործով դատական քննությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր կայացավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը:

Գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ դահլիճ բերելուն պես լարված մթնոլորտ ստեղծվեց. տուժողների հարազատները աղմուկ բարձրացրին՝ քննադատական խոսքեր հնչեցնելով մեղադրյալի հասցեին:

Այսօրվա դատական նիստին հիմնականում քննարկվեց նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկի հարցը:

Ըստ տուժող կողմի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի՝ դատարանը տուժող կողմի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերունք ունի:

Դրա մասին է վկայում այն, որ նախորդ դատական նիստում համածառայակիցներին Պերմյակովի ճաղավանդակի մոտից հեռացնելու մասին տուժող կողմի միջնորդությունն առանց որևէ պատճառաբանության մերժվեց, իսկ այսօր՝ «մեկ նախադասությամբ» նույնպես մերժվեց դատատավարությունը Շիրակի մարզի դատարանի շենքում անցկացնելու միջնորդությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչները նշեցին, որ որոշում կայացնողը դատարանը չէ, այլ՝ այլ անձինք: Նրանք չբացառեցին, որ հաջորդ դատական նիստում ամբաստանյալի համար նախատեսված ապակեպատ խուցը կքանդվի, մինչդեռ այսօր դատարանը դրա վերաբերյալ միջնորդությունը մերժեց:

permyakov.

Տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, միանալով միջնորդությանը, դատարանին ինքնաբացարկի այլ հիմք ներկայացրեց: Նրա գնահատմամբ՝ դատարանը շարունակում է թույլ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ՝ ոչ թե չիմացության, այլ՝ կաշկանդված լինելու պատճառով: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ կաշկանդվածությամբ էլ վերջնական դատական ակտ է կայացվելու, որն էական է լինելու բոլորի համար:

Իսկ Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանի վրա ազդում են թաքնված շահեր:

Ամբաստանյալը, ի պատասխան ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի հարցի, նախագահողի համար, կարծես, անսպասելի պատասխան տվեց. «Չեմ առարկում»:

Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց միջորդության դեմ՝ հայտարարելով, թե դատարանի անկողմնակալության վերաբերյալ որևէ հիմք և փաստարկ չներկայացվեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը մասնավորապես նշեց, որ իր կողմից թույլ չի տրվել քրեադատավարական օրենքի որևէ խախտում:

Այլ միջնորդություններ կողմերը չներկայացրին:

Ապա դատարանը հայտնեց, որ քանի որ կողմերը միջնորդություններ չունեն, դատարանը կանցնի դատաքննության փուլին:

Տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը միջնորդեց՝ մինչև դատաքննւոթյունն սկսելը հետաձգել դատական նիստը, որովհետև իրենք հաջորդ դատական նիստին մտադիր են հանդես գալ միջնորդությամբ:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մինչև ուրբաթ: Այսուհետ դատական նիստերը կայանալու են ուրբաթ օրերին:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս