«Ժողովուրդ»-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է:
Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի եւ նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաեւ իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված: Մարզպետի մտերիմ շրջապատից մեզ տեղեկություններ հասան, որ Հովիկ Աբովյանին այս օրերին մտահոգում է մեկ հարց՝ եթե հանցագործների բնակարան մուտք գործելու պահին իր կինն ու դուստրը տանը լինեին, ապա ամեն ինչ կարող էր ավելի վատ ընթացք ստանալ: Ասել է թե, մարզպետին ներկայումս առավել մտահոգում է իր ընտանիքի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ մուտք էին գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս, կանխիկ գումար: Ընդհանուր գողոնը գնահատվում է մոտ 200 հազար դոլար: