Տավուշի նախկին մարզպետն ընդհատակ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին ազատվել է իր պաշտոնից: Ճակատագրի հեգնանքով նա պաշտոնանկ էր արվել իր ծննդյան օրը: Ի դեպ, հունիսի 1-ը նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Եւ ահա, պաշտոնանկությունից հետո մարզպետը մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողոթյուն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձեւով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը: Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել:

Իմիջիայլոց, հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանի` Կողբ գյուղում գտնվող տնից 2016թ. հունվարի լույս 14-ի գիշերը գողություն էր կատարվել: Դահուկորդի գլխարկով գող երիտասարդի նկարը արվել է մարզպետի տանը տեղակայված տեսախցիկներից մեկի միջոցով: Տավուշի մարզպետի տունը գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ` Հ. Աբովյանին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանի կողքին:

Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը, որ փաստացի հանդիսանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի սեփականությունը, եթեր չի հեռարձակվում: Մարզային այդ հեռուստաընկերությունը տեղական նորություններ, մարզի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հաղորդումներ չի պատրաստում եւ հեռարձակում, փոխարենը վերահեռարձակում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները:
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ մարզի Ակնաբյուր համայնքում «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ ղեկավարության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

«Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացված լիզենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետբյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները` 3500-10500-ական դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը առանց տրանսպորտային միջոցների տեխզննում իրականացնելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ:

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված չարաշահումները կատարվել են 2015-2018թթ.: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով(«Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(«Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշեր պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ անկհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»): «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ն փաստացի պատկանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այդ ընկերության մեծատառ սկզբնատառերը նշանակում են` Հովիկ Աբովյան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս