«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է:
Խ.Խաչիկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հունվարի 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։
2016 թվականի հունվարի 16-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, և վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել, իսկ հունվարի 18-ին միջնորդություն ներկայացրել դատարան՝ Խ. Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից երկուսը գտնվում են հետախուզման մեջ, ևս երկուսը՝ որպես կասկածյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզվողին հայտնաբերելու, միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: