Տարեց ամուսինների նկատմամբ ավազակային հարձակում կատարողը դատախազի սանիկ է. գործը ծածկադմփո՞ց է արվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի առաջին տանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիմակավորված երեք անձ ներխուժել են նշված հասցե և դաժան ծեծի ենթարկել տան անդամներին՝ ազգությամբ եզդի Շիրին Ալիյանին և Թառլան Սայդոյանին, և գումար պահանջել:

Դիմակավորված անձինք նախ կապել են ամուսինների ձեռքերը, բերանը ու սկսել սպառնալ, թե կսպանեն, եթե վերջիններս չասեն, թե որտեղ են թաքցնում իրենց գումարները:

Ամուսիններն ավելի վաղ ArmLur.am-ին պատմել էին, որ գողերը հարբած են եղել և հեռանալուց հետո նույնիսկ խոսել են իրենց մորթելու կամ ականջը կտրելու մասին, սակայն գողերից մեկը բարեհոգի է գտնվել և բավարարվել միայն ծեծի ենթարկելով: Ի դեպ, մոտակայքում գտնվող հյուրանոցի տեսախցիկները ֆիքսել են գողերի մեքենան և տեսախցիկներն իրավապահների կողմից առգրավված են:

Ավազակներից 2-ն են եղել դիմակավորված: Նրանք հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:

ArmLur.am-ի հետ զրույցում տուժած Շիրին Ալիյանը հայտնեց, որ իրենք հստակ գիտեն՝ ով է ավազակային հարձակում կազմակերպողը, նրան իրավապահների ներկայացրած տեսանյութով ճանաչել են նաև տուժածները, սակայն այսօր այդ անձն ազատության մեջ է: Խոսքը, ըստ մեր զրուցակցի ոմն Տահար Ավդալյանի մասին է, ով հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել. «Քննիչ Սարգիս Մարգարյանն ասում է Տահարը մեղք է, պետք չի բողոքել: Ուրիշի վրա կբարդենք»,-  նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ կասկածյալը Մաշտոցի դատախազության դատախազ Վիկտոր Գրիգորյանի սանիկն է:

Թե որքանով կարող է նշված բարեկամական կապն ազդել գործի քննության վրա՝  դժվար է ասել. այս պահին նախաքննություն է ընթանում, ամեն բան կպարզի քննությունը:




Լրահոս