ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԷԼԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ մայիսի 20-ին Երեւանում ձերբակալվել են Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ Արկադի Վարդանյանն Արսեն Ավետյանի հետ ծրագրել է թունավորելու միջոցով տիրանալ Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանի գույքին:
«Ժողովուրդ»-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ՝ Արսեն Ավետյանը ժամանակին եղել է Արկադի Վարդանյանի թիկնապահը: Տարիների ընթացքում նրանք այնքան են մտերմացել, որ Արսենը դարձել է Արկադի Վարդանյանի ամենամտերիմ ընկերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արսենը լուրջ տարաձայնություններ է ունեցել իր հոր հետ: Այն աստիճան, որ հայրը չի ցանկացել ունեցվածքը ժառանգել որդուն, ինչի պատճառով էլ Արսենն իր մտերիմ ընկերոջ՝ Արկադի Վարդանյանի հետ նման ծրագիր է մշակել: Այժմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):
Հիշեցնենք, որ Արկադի Վարդանյանն այն մարդն էր, որը, 2001թ. Հայաստան գալով, փորձեց մեր երկրում հեղափոխություն իրականացնել, սակայն ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով կալանավորվեց: Ազատ արձակվելուց հետո կրկին մեկնեց Մոսկվա: Այնպես որ, չի բացառվում՝ հիմա էլ Վարդանյանը քաղաքական նկրտումների պատճառով է հայտնվել ճաղերի հետեւում. պարզապես դա անելու համար «քրեական պատճառ» է հնարվել:




Լրահոս