ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:
Պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն:
– ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաև ընտրական և հանրաքվեի գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:
«Մեզ համար շատ կարևոր է համագործակցության եզրեր գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը հանդիսանում է Արգենտինայի արտաքին քաղաքականության կենտրոնական ուղղություններից մեկը»,- նշել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն