ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դեռ վաղ տարիքից լսել եմ, որ մայիսին ամուսնանալ չի կարելի, ու այդպես էլ չեմ հասկացել՝ ինչու են մարդիկ խուսափում այդ ամսին ամուսնանալուց: Իսկապե՞ս մայիսին ամուսնանալն արգելվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից: Նշեմ, որ բոլորովին վերջերս լսեցի, որ քահանան իր դստերն ամուսնացրել էր հենց մայիսին:

Քնար Սողոմոնյան (20 տարեկան, ուլունքագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մայիս ամսին ամուսնությունից խուսափելը պարզապես սնոտիապաշտություն է: Մարդիկ, այդպես վարվելով, ցանկանում են խուսափել վնասներից՝ տարբեր անհաջողություններից: Մինչդեռ հանգամանքները մարդու ձեռքում են: Չէ՞ որ Աստված պատվիրեց մարդուն. «Աճեցե՛ք եւ բազմացե՛ք եւ լցրե՛ք երկիրը ու տիրեցե՛ք դրան» (Ծննդ. 1:28): Ուրեմն երկրի վրա ամեն ինչ մարդու իշխանության տակ է, այդ թվում եւ ժամանակը, թե երբ ամուսնանա: Եկեղեցական կամ կրոնական կանոնները հենց եկեղեցին է սահմանում: Բնականաբար, եթե վստահում ենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու երկուհազարամյա փորձին, պետք է նաեւ վստահությամբ պահենք նրա կանոնները, որոնք մենք՝ հայ քրիստոնյաներս, պարտավոր ենք իմանալ հենց եկեղեցուց եւ մեր նախնիների հոգեւոր գրական ժառանգությունից: Ուրեմն ակտիվորեն մասնակցե՛ք սուրբ եկեղեցու արարողական կյանքին:

Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր հասարակության մոտ կարծրատիպերն այնքան ուժեղ են, որ հատկապես հնուց եկած ավանդույթներից մեծ դժվարությամբ են հրաժարվում: Այս դեպքում, իհարկե, ճիշտն այն է, որ յուրաքանչյուր ոք ավելի տեղեկացված լինի եւ վարվի այնպես, ինչպես հարմար է իրեն:




Լրահոս