
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է “Վերջին զանգը”: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղվածիրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ այսօր, ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երեւանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ եւս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջեւ: