Ծննդկանի մահվան պատճառը H1N1-ը չի եղել. դժբախտությունը բժշկի ոչ պատշաճ վերաբերմունքի՞ հետևանքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին ծննդկան  է մահացել, ում մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ։

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Արցախ Քոչարյանը հունվարի 17-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում առ այն, որ իր հղի կինը՝ Արաքսյա Դանիելյանը, «Հարբուխ» ախտորոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ նրան թոքերի հետ կապված 2 օր անընդմեջ բուժզննության է ենթարկել բժիշկ Անդրանիկ Պապոյանը, ով տեղեկացրել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ հաղորդման՝ բժիշկ Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «Երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո կինը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:

Ա. Քոչորյանի հաղորդումը ոստիկանությունից Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2016 թվականի հունվարի 20-ին, և նույն օրը քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը)։

Կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։




Լրահոս