Գյուղապետը նեղացած է կառավարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարարության հունվարի 14-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել են Սյունիքի մարզի Քաշունիի, Տանձատափի, Տաթեւի, Հալիձորի, Շինուհայրի, Խոտի, Սվարանցի, Հարժիսի գյուղապետերի եւ ավագանիների անդամների լիազորությունները: Նույն որոշմամբ՝ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթեւի համայնքի ընտրատարածքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Սակայն գյուղապետերը նախապես տեղյակ չեն եղել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ մարզերի մի շարք համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքի՝ Տաթեւ անվանմամբ: Նոր գյուղապետեր ու ավագանիներ կընտրվեն նաեւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում (Դիլիջան քաղաք, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղեր), Լոռու մարզի Թումանյան համայնքում (Թումանյան քաղաք, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր գյուղեր): Նշված համայնքներում ընտրությունների համար կհատկացվի 27 մլն դրամ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզի Քաշունի համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Դուք այլեւս գյուղապետ չեք…

-Այո՛, հունվարի 14-ին կառավարությունը որոշել է դադարեցնել մեր՝ գյուղապետերիս լիազորությունները:

-Տեղյա՞կ էիք:

-Իհարկե ոչ, առանց մեզ տեղյակ պահելու են նման բան որոշել: Հիմա ով է ում հարցնում: Առաջիկայում մենք ընտրելու ենք մեր նոր գյուղապետին ու ավագանուն: Գոնե սպասեին այս աշուն իմ պաշտոնավարման ժամկետը լրանալու էր, այդ ժամանակ էլ կիրագործեին իրենց որոշումը:

-Որտեղի՞ց եք իմացել, որ Ձեր լիազորությունները դադարեցվել են:

-Հիմնականում հեռուստացույցից, հետո՝ մեկս մյուսի հետ խոսելու ժամանակ իմացանք: Մարդիկ կային, ովքեր ինտերնետից էին տեղեկանում ու զանգում էին մեզ, փոխանցում:

-Իսկ այս օրերին ո՞վ է զբաղվում գյուղի բնակիչների խնդիրներով:

-Եթե առիթ լինի կամ մեր համագյուղացուն մի տեղեկանք պետք լինի, կհարցնենք համապատասխան անձանց ու կասենք, որ այս մարդը էս հաշիվն ունի, ինչ անենք: Մի բան կասեն, էլի: Բայց նշեմ, որ այն գյուղը, որն ունի 100-ից ավել բնակիչ, լիազորված անձ է ունենալու, բայց մեր գյուղը փոքր է, իսկ բնակիչների թիվը՝ 4-9: Ամեն դեպքում, մի ամսից հետո պարզ կլինի, թե ինչ կգա մեր գլխին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս