ՄԽ համանախագահների հայտարարությունը ԵԽԽՎ­-ում հակահայկական բանաձևերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել` կապված ԵԽԽՎ­ում հակահայկական բանաձևերի քննարկման փաստի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտարարության տեքստում համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-­ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,­-ասվում է հայտարարության տեքստում:

Համանախագահները հայտնել են, որ ողջունում են բոլոր ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը և պատրաստ են համատեղ աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 25­-ից: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Զեկույցներից մեկը, որի
հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26-­ին:




Լրահոս