Դեկտեմբերին բաժանորդների սպառած գազի ծավալը համապատասխանում է գազահաշվիչի ցուցմունքին. «Գազպրոմ Արմենիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դեկտեմբեր ամսվա բաժանորդների սպառած գնի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխանում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին։

Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, թե հաշիվներն ավելի շատ են, քան նախորդող նոյեմբեր ամսին, կամ պայմանականորեն ասած ջեռուցման սեզոնի առաջին ամսին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարևոր և որոշիչ հանգամանք՝ եղանակային ջերմաստիճանը, ինչը ըստ Հիդրոմետի ներկայացված պաշտոնական տվյալների,օրինակ, Երևանում միջին ջերմաստիճանը նոյեմբեր ամսին կազմել է +5-ից +7 աստիճան տաքություն, դեկտեմբեր ամսին՝ միջին 0-ից -1,5 աստիճան ցուրտ: Ակնհայտ է, որ արտաքին ջերմաստիճանի նվազման պարագայում սպառումը աճում է՝ ջեռուցվող տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովելու համար: Իհարկե, ինչ-որ տեղ պետք է հաշվի առնել նաև նախատոնական օրերին հատուկ կենցաղային նպատակներով օգտագործվող լրացուցիչ ծավալը:

Առանձին բաժանորդների դժգոհությունների կամ անհամաձայնությունների հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր դեպքերը փաստացի հասցեներով և ներկայացնել գազի ծախսի ու վճարման ենթակա գումարների ամբողջական էպիկրիզը՝ նաև նախորդ տարիների համեմատականով: Բաժանորդները կարող են դիմել Ընկերության «թեժ գիծ» կամ տարածքային ծառայություններ»:




Լրահոս