Խաղը ծախվա՞ծ էր. ի՞նչ է սպասվում «խոշոր ձկներին». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի ծախված լինելու գործը մնաց անհետեւանք: Ասել է թե՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ուսումնասիրությունները օգուտ չտվեցին, եւ այդպես էլ իրավապահները չկարողացան կամ չցանկացան համապատասխան փաստեր ձեռք բերել:

2015 թվականի հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին, խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց: Հաղթանակը հնարավորություն տվեց ալբանացիներին անցնել «Եվրո-2016-ի» եզրափակիչ փուլ: Խաղից հետո սերբական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստներ կաշառվել են՝ ստանալով 500 հազարական եվրո:

Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին…

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հարցեր էր ուղարկել Սերբիայի եւ Ալբանիայի իրավապահներին, որպեսզի նրանք սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ից պարզեն՝ որտեղից են նրանք ստացել տեղեկություններ խաղը գնած լինելու մասին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արտերկրյա իրավապահները այդպես էլ չպատասխանեցին, քանի որ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց որեւէ իրավապահի չի հայտնի տեղեկության իր աղբյուրը: Ու քանի որ այս իրողությունը գիտակցում են նաեւ իրավապահ մարմիններում, ուստի  ուսումնասիրությունները այդպես էլ դադարեցվեցին, իսկ թե տարիներ անց ով կամ ինչ պայմաններում մի օր կանկեղծանա եւ կհայտնի խաղի ծախված լինելու մասին, դժվար է ասել:

Նկատենք, որ նույն ժամանակահատվածում, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստան-Ալբանիա խաղը ծախվել է, այլ աղմկահարույց գործեր ի հայտ եկան: Բանն այն է, որ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր 2015 թվականի նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առաձին ֆուտբոլիստների միջեւ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս