ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 3.4 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Սրան զուգընթաց 13.8 տոկոսով նվազել են գաջի արտադրության ծավալները, 63 տոկոսով՝ մարմարը, 9.2 տոկոսով՝ կրի արտադրության ծավալները:
Վերը բերված տվյալներից առավել ուշագրավ է ցեմենտի արտադրության թիվը: Բանն այն է, որ անցած տարվա փետրվարին կտրուկ աճել էր ցեմենտի արտադրության թիվը: Ենթադրվում է, որ անցած տարվա փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պատերազմ էր հայտարարել «Արարատցեմենտի» սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, «Արարատցեմենտը» սովորականից մի քանի անգամ ավել ցեմենտ էր արտադրել, հավանաբար մտավախություն էին ունեցել, որ գործարանի գործունեությունը կարող է դադարեցվել: Հաջորդող ամիսներին եւս պաշտոնական վիճակագրությունը մշտապես ցեմենտի արտադրության աճ էր արձանագրում: Սակայն տարվա վերջի տվյալները, ինչպես տեսնում ենք, արդեն սկսել են արտացոլել իրականությունը: