ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ մարզպետների միջեւ լարված հարաբերությունների մասին տեղեկություններին, ասաց. «Ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կմտածի, որ ինչ-որ ստորաբաժանման ղեկավար իմ հանձնարարությունը չկատարի»:
Մինչդեռ մարզպետարանները պաշտոնապես իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Այսինքն՝ ամենավառ երեւակայություն ունենալու պարագայում անգամ դժվար է մարզպետներին համարել սուպերնախարարին ենթակա ստորաբաժանման ղեկավար:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվել, թե ինչպես են իրենց զգում ԱԻՆ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, Դուք չե՞ք կատարում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականները:
-Երիցյանի հետ նման թեմա չեմ քննարկել: Ես պետական աշխատող եմ եւ կատարում եմ իմ աշխատանքը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ նախարարը մարզպետարանը համարում է ստորաբաժանում, իսկ մարզպետին՝ դրա ղեկավար:
-Մարզպետարանը չի կարող ստորաբաժանում լինել: Մարզպետարանը պետական կառույց է, որը կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրով:
-Իսկ Ձեր որոշումները նախապես քննարկո՞ւմ եք Ա. Երիցյանի հետ, թե՞ ոչ:
-Իհարկե, միասին աշխատում ենք:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
-Պարո՛ն Ղահրամանյան, ՏԿԱԻՆ նախարար Ա. Երիցյանը մոտ օրերս անդրադառնալով իր եւ մարզպետների միջեւ լարվածությունների մասին տեղեկություններին՝ հայտարարել է հետեւյալը. «Ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կմտածի, որ ինչ-որ ստորաբաժանման ղեկավար իմ հանձնարարությունը չկատարի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը:
-Հո քմահաճույք չէ: Ղեկավարը նաեւ պարտականություններ ունի, որոնք պետք է կատարի: Ինչի՞ մասին է խոսքը: Հո նա իրեն գլխից դուրս հանձնարարականներ կամ հրամաններ չի տալիս: Վերջը օրենքի շրջանակներում է ամեն բան:
Իհարկե, Արմեն Երիցյանի տրամաբանությունը պայմանավորված է նախկինում զբաղեցրած պաշտոններով: Հիշեցնենք, որ 1982-2010 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ: Այսինքն՝ երկար տարիներ նա աշխատել է որպես փոխոստիկանապետ: Այնուհետեւ վերջինս նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար եւ երկար տարիներ զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ միեւնույն է՝ ինքը շարունակում է առաջնորդվել ոստիկանի հոգեբանությամբ եւ նախարարից ցածր կառավարման օղակներին դիտարկում է որպես ստորաբաժին, իսկ իրեն էլ՝ դրանց ղեկավար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ