Հունվարի 22-ին մամուլի էջերում լուրեր տարածվեցին այն մասին, որ Պետական կամերային երաժշտական թատրոնում կրկին խռովություն է հասունացել: 168.am-ը գրեց, որ թատրոնի անձնակազմը որոշում է ընդունել՝ չի շարունակելու աշխատանքները գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ, քանի որ թատրոնը պարապուրդի է մատնվել, նոր ներկայացումներ չեն բեմադրվում, իսկ գլխավոր ռեժիսորը լեզու չի գտնում թատրոնի ողջ անձնակազմի հետ: Ըստ նույն աղբյուրի` օրերս թատրոնի դերասանական անձնակազմն այցելել է մշակույթի նախարարություն եւ հանդիպում խնդրել գերատեսչության ղեկավարից՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը:
Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նույն օրն այցելել է թատրոն՝ տեղում հասկանալու ստեղծված իրավիճակի լրջությունն ու հնարավոր ելքերը: Ասում են նաեւ՝ օրերս նախարարն անձամբ ընդունել է Արմեն Մելիքսեթյանին, իսկ թե ի՞նչ հունով է ընթացել նրանց առանձնազրույցը, դեռեւս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նույն թատրոնի դերասանների հետ` տարածված լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով: Արա Դեղտրիկյանը, ով 2011 թվականից աշխատում է նույն թատրոնում, տարածված լուրերի մասին առաջինը լսեց մեզնից. «Ես բացարձակապես տեղյակ չեմ, որ նման բան կա: Ես միայն ամսվա ընթացքում 1-2 անգամ գնում եմ այնտեղ, իմ ներկայացումը խաղում եմ եւ հետ եմ գալիս»-ասաց նա: «Այսինքն` Արմեն Մելիքսեթյանի հետ առանձնապես շփում չունե՞ք»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ դերասանը նշեց, որ ոչ: Իսկ հարցին, թե արդյոք գլխավոր ռեժիսորը կոնֆլիկտային անձնավորություն է, Դեղտրիկյանը պատասխանեց. «Մենք միասին որպես դերասան-ռեժիսոր չենք աշխատել: Այն ներկայացումը, որտեղ խաղում եմ, ռեժիսոր Դավիթ Հակոբյանն էր բեմադրել: Բնականաբար, ճանաչում եմ Արմեն Մելիքսեթյանին, հարգանքով եմ վերաբերվում նրան»: Նա նաեւ հավելեց, որ չի սիրում խառնվել թատրոնի «ներքին խոհանոցային» կյանքին:
Իսկ, ահա, նույն թատրոնի մեկ այլ դերասան (նրա անունը դեռեւս չենք հրապարակի) մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց. «Շատ-շատ հարցերից տեղյակ եմ, բայց հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, մի քանի օրից, երբ որոշակի հարցեր պարզ կդառնան, խոսք եմ տալիս ամեն բան բացահայտել: Հիմա դեռ ասելու բան չունեմ, որովհետեւ մեզ ժամանակ են տվել, եթե տեսնեմ` այդ ժամանակի ընթացքում հարցի լուծմանը չենք հասնում, անպայման անձամբ հարցազրույց կտամ»:
«Ժողովուրդ»-ը կհետեւի թեմայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ կփորձի կրկին մեկնաբանություններ ստանալ:
Աննա Բաբաջանյան