Ի՞նչ իրավիճակ է «Դար 21» Հ/Ը-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ «21tv» հեռուստաընկերությունը շուտով փակվելու է: Պատճառը ֆինանսական դժվարություններն են: Ավելին՝ այս ընթացքում «21tv»-ի որոշ աշխատակիցներ աշխատանք են փնտրում այլ հեռուստաընկերություններում:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «ՄԿՌ-մեդիա-Արմենիա» ընկերության ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ: Ի դեպ, տեղեկացնենք, որ «ՄԿՌ-մեդիա-Արմենիա»-ն ընկերությունների խումբ է, որի մեջ է մտնում նաեւ «Դար 21 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

-Պարո՛ն Հակոբյան, տեղեկություններ կան, որ «Դար 21» հեռուստաընկերությունն առաջիկայում փակվելու է: Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

-2 տարի առաջ փակվել է:

-Այսինքն…

-Արդեն փակվել է, չկա, բա չգիտե՞ք, փակվել է, ամեն ամիս փակվում է:

-Կմանրամասնե՞ք:

-5-10 տարի առաջ է փակվել, ֆինանսական դժվարություններ ունի, տպել էիք մի 6 ամիս առաջ, աշխատավարձ չենք տալիս մարդկանց, ծեծում ենք ստեղ: Գրեք, ինչ ուզում եք:

-Պարո՛ն Հակոբյան…

-Տասը տարի առաջ փակվել է, վատ ենք, ցեխի մեջ ենք, ոնց Ձեզ հարմար է, գրեք…

-Պարո՛ն Հակոբյան, այսինքն՝ Դուք հերքո՞ւմ եք, այդ տեղեկությունները…

-Սա Ձեզ չեմ ասում, խնդրում եմ՝ իմ անունը չօգտագործել, եթե Դուք բառացի ասում եք՝ մենք մի 2 տարի առաջ փակվել ենք:

-Պարո՛ն Հակոբյան..

-7 տարի առաջ փակվել ենք, 12 տարի առաջ փակվել ենք… Ի՞նչ եք ուզում: Կարող է ես ծամերով մազեր ունեմ, պետք է զանգեք, հարցնեք՝ ծամերով մազեր ունե՞ք, թե՞ չէ: Ես այս բնագավառում 25 տարի է՝ աշխատում եմ, ես գիտեմ, թե լրագրությունն ինչ է: Ինչի՞ պետք է փակվի, ի՞նչ է եղել, երաժշտությո՞ւնն է խանգարում…

-Այս օրերին ձեր աշխատակիցները աշխատանք են փնտրում այլ հեռուստաընկերություններում…

-Լսեք՝ այդ հարցը որերորդ անգամ լսում եմ, ման են գալիս, լավ են անում, հա՛, կարող է՝ բարձր աշխատավարձ են տալիս..

-Գուցե՞ մասնակի կրճատումներ են…

-Ի՞նչ եք ուզում, հեռուստաընկերությունը չի փակվում, ո՞վ այստեղից գնում է, աշխատանք է ման գալիս… ոչ մեկին դա չես արգելի… բազմաթիվ հեռուստաընկերություններ կան, հասկանո՞ւմ եք, մի տեղ կարող են շատ տալ, մյուսում հետաքրքիր գործ լինի, ի՞նչ խնդիր է, էս քամբախ Հայաստանում այլ ինֆորմացիա չունեք, գնացեք սահմանամերձ գյուղեր, տեսեք, թե ինչեր են այնտեղ կատարվում…

Հ.Գ. Կարծում ենք` ընկերության ղեկավարի, մեղմ ասած, ոչ հավասարակշիռ պատասխաններն ինքնին արդեն բավականաչափ խոսուն են եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս