Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին, ով նաև Ֆրանսիայի Նախագահի անձնական ներկայացուցիչն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Հանրապետության Նախագահը ողջունել է տիկին Ժիրարդենին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Սերժ Սարգսյանն այդ առումով օրինաչափ է համարել, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել՝ նկատելիորեն ակտիվացել են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունն ու միջխորհրդարանական կապերը, նոր բարեկամական կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, ընդլայնվել են տնտեսական համագործակցությունն ու իրավապայմանագրային դաշտը, խորացել են մշակութային և գիտակրթական կապերը։

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից 2013 թվականից ի վեր մեր երկրում իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են իրականացված արդյունավետ ծրագրերի օրինակով հատկապես կայուն զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններով փոխգործակցության ընդլայնումը, ինչը, նրանց համոզմամբ, ավելի կամրապնդի հայ-ֆրանսիական բարեկամական կապերը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեությանը:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարը բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը, լինելով կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ, կարողացել է իր արժանի տեղը զբաղեցնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է որպես կազմակերպության ամենաակտիվ երկրներից մեկը: Սերժ Սարգսյանը և Աննիկ Ժիրարդենը անդրադարձել են այս ձևաչափում ևս փոխգործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին:




Լրահոս