ՀՅԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012 թվականի վերջին` նախագահական ընտրություններին ընդառաջ, ՀՅԴ-ն առաջադրեց իր օրակարգային 7 կետերը, որոնց շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսեց տարբեր ուժերի հետ: Դաշնակցականները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են համագործակցել անգամ հանրապետականների հետ, եթե իրենց առաջադրած 7 կետերը նրանց կողմից ընդունվեն: Հետագա տարիներին դաշնակցականները պարբերաբար հիշատակում էին այդ կետերը` որպես կոալիցիա վերադառնալու նախապայման: Վերջին մեկուկես տարվա ընթացքում, սակայն, ՀՅԴ առաջադրած սկզբունքային այս կետերից թերեւս ամենակարեւորները Սերժ Սարգսյանը, փաստորեն, իրագործեց: Խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի, հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցման մասին է եւ հայ-թուրքական արձանագրությունների:

Եվ հիմա, կարծես թե, ոչինչ այլեւս չպետք է խանգարի, որպեսզի ՀՅԴ-ն վերստին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Այդ մասին դեռեւս սահմանադրական հանրաքվեից առաջ խոսել են թե՛ ՀՀԿ, թե՛ ՀՅԴ ներկայացուցիչները: Վերջիններս, բնականաբար, զգուշավոր եւ սեփական դեմքը պահպանելու պայմանով: Այսպիսով` ներկայումս արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստ է մտնել կոալիցիա, արդյո՞ք այլեւս նույնքան սկզբունքային չէ 7 կետերի անվերապահ ընդունումը ՀՀԿ-ի կողմից, եւ մինչ օրս այդ կետերից որոնք է կատարել իշխանությունը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ՀՅԴ ՀՀ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ:
-Տիկի՛ն Գալստյան, Սերժ Սագսյանը, փաստորեն, կյանքի կոչեց ՀՅԴ համար սկզբունքային հարցերից մեկը` անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ դեռեւս հանրաքվեից առաջ ՀՅԴ ղեկավար անդամները հայտարարել էին, որ նոր Սահմանադրության կյանքի կոչումից հետո ՀՅԴ-ն պատրաստ կլինի քննարկել կոալիցիա կազմելու հարցը` վերստին հիշատակելով Ձեր ներկայացրած օրակարգային 7 կետերը: Խնդրում եմ նշեք, թե այդ կետերից որոնք են իրականացվել մինչ օրս, եւ արդյոք դրանց մասնակի ընդունման դեպքում ՀՅԴ-ն պատրաստ է վերադառնալ իշխանական կոալիցիա` ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ կազմով:
-Ես այս պահին որեւէ հստակ պատասխան չեմ կարող տալ 7 կետերի վերաբերյալ: Կոնկրետ ԲՀԿ-ի հետ այժմ մենք քննարկման մեջ չենք գտնվում: Բայց եթե 7 կետերից ցանկացած կետի շուրջ ունենանք նույն տեսակետները, միեւնույն մոտեցումները, մենք պատրաստ ենք այդ օրակարգի շուրջ խորհրդարանում համագործակցել, եթե դրանք վերաբերում են օրենսդրական դաշտին: Մեր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ խորհրդարանում որեւէ խոչընդոտ չունի, եթե մեր տեսակետները ԲՀԿ մոտեցումների հետ համընկնում են: Նույնն էլ Հանրապետականի հետ, եթե նրանք կիսում են մեր մոտեցումները, մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ: Եղել են շատ դեպքեր, որ մենք լինելով ընդդիմություն՝ միեւնույն օրենքի շուրջ նույն մոտեցումներն ենք ունեցել: Եւ խորհրդարանում որեւէ քաղաքական ուժի հետ, եթե մեր մոտեցումներն իսկապես կիսվում են, որեւէ խոչընդոտ նրանց հետ համագործակցելու հարցում մենք չենք տեսնում:
-Այնուամենայնիվ, կոնկրետ կոալիցիոն համագործակցության վերաբերյալ՝ արդյո՞ք առաջիկայում ՀՅԴ-ն կվերադառնա կոալիցիա:
-Հնարավոր է: Ասում եմ՝ հնարավոր է, բայց այս պահին վերջնական պատասխան, իհարկե, չունեմ, որովհետեւ քննարկումների եւ տեսակետներ ճշտելու, լուծման եղանակներ ճշտելու փուլում ենք : Բայց հնարավորությունը չենք բացառում մանավանդ, որ օրակարգում հանուն Հայաստանինն է. գտնել լուծումներ, որոնք Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքական կլիման պետք է բարելավեն:
Հ. Գ. Հիշեցնենք, որ 2012 թվականին ՀՅԴ-ի կողմից ներկայացված 7 կետերում կուսակցությունը կարեւորել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի եւ քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, արտաքին քաղաքականության մասով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելը:

 

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՋԵՎ

2016 թվականը Մերձավոր Արեւելքի համար մեկնարկեց նոր լուրջ հիմնախնդրով՝ Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտութամբ, որը գնալով նոր թափ է առնում: Երկու երկրների միջեւ լարվածությունն ավելի խորացավ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեցին 47 մարդ, այդ թվում շիա հոգեւորական Նիմր ան-Նիմրին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ` հասկանալու համար, թե ինչ կարելի է սպասել շարունակվող այս հակամարտությունից, եւ արդյոք այն որեւէ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:
-Պարո՛ն Սաֆարյան, Սաուդիան Արաբիա եւ Իրան հետզհետե թափ հավաքող հակամարտությունը, փաստորեն, լարվածության նոր օջախ է ստեղծում մեր տարածաշրջանում: Ինչպիսի՞ զարգացումներ կարող ենք ակնկալել:
-Այս հակամարտությունը նախապատմություն ունի, եւ նոր չէ, որ Սաուդիան Արաբիան եւ Իրանը կոնֆլիկտներ ունեն: Պարզապես սիրիական ճգնաժամի վերջին շրջադարձերը` սկսած ԱՄՆ-ի կողմից գլխավորված կոալիցիայից, վերջացրած Ռուսաստանի միջամտությամբ, ավելի մեծ պրոբլեմներ ստեղծեցին: Իմ գնահատմամբ Սաուդիան Արաբիան փորձում էր ամեն ինչ անել՝ թույլ չտալու համար Իրանի ապաշրջափակումը: Եւ պատահական չէր, որ հունվարի սկզբին նրանք իրականացնում են մահապատիժ մի շարք անձանց նկատմամբ, այդ թվում շիա հոգեւորականի: Սաուդիան Արաբիան փորձում է ցույց տալ, որ, այ, տեսեք, թե ինչ է նշանակում սանկցիաներից ազատված Իրանը: Ահավասիկ այդ իրադարձությունները գրգռեցին Սաուդիան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունները, բայց չկանխեցին Իրանի ապաշրջափակումը եւ սանկցիաներից դուրս գալը: Մինչդեռ դա Մերձավոր Արեւելքում բերեց բավականին լուրջ դիմակայության եւ այս պահի դրությամբ այն մարելու նշաններ դեռեւս ցույց չի տալիս:
-Արդյո՞ք այս հակամարտությունը որեւէ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի վրա:
-Ցանկացած կոնֆլիկտ, որի մեջ ներգրավված է թեկուզ եւ Հայաստանի մեկ բարեկամ երկիր, ազդում է: Անգամ Հայաստանի հետ որեւէ կոնֆլիկտով կապված երկիր ազդում է մեր վրա: Իրանի եւ Սաուդիան Արաբիայի դիմակայությունը երկու ազդեցության խողովակ ունի Հայաստանի վրա: Առաջինը այն է, որ մեր բարեկամ երկիր Իրանն է այդ կոնֆլիկտի կողմերից մեկը, հետեւաբար դա Հայաստանին կանգնեցնում է որոշակի դիրքավորման առջեւ: Որքան էլ Սաուդիան Արաբիան Հայաստանը չճանաչած երկրներից է ԼՂՀ հակամարտության պատճառով, այնուամենայնիվ, մեր հարաբերությունները վատ չեն: Դիրքավորման խնդիրը կարեւոր հարց է եւ ազդում է Հայաստանի վրա:
-Պարո՛ն Սաֆարյան, այս հակամարտության հետեւանքով արդյո՞ք հայ-իրանական հարաբերություններում որեւէ էական փոփոխություններ տեղի կունենան, եւ արդյո՞ք դա կարող է ազդել հայ-իրանական տնտեսական նախագծերի իրականացման վրա:
-Այս պահին չգիտեմ՝ Իրանը ինչ է ակնկալում Հայաստանից: Ակնկալում է, որ Հայաստանը որոշակի դիրքորոշում հայտնի Սաուդիան Արաբիայի կոնֆլիկտի հանդեպ, թե ոչ: Բայց Հայաստանը այդտեղ խուսանավելու տեղ ունի, որովհետեւ Իրանը ԼՂՀ հակամարտության հարցով նույնքան ճկուն է պահում իրեն: Հայաստանն էլ հնարավորություն ունի նույնքան ճկուն դիրքավորվել իրանական թնջուկի նկատմամբ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՐԺՎԻ
Ինչպես հայտնի է՝ Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ազատության հրապարակից ձերբակալվել է ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանը: Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառը տոնածառն է եղել, որը ընդդիմադիրները ցանկացել են հրապարակում տեղադրել: Սակայն բախում էր առաջացել: Գեւորգ Սաֆարյանը պնդում է, որ ինքը ոստիկանների չի հարվածել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ իբր թե բռնություն գործադրելու համար: Այս միջադեպի հետ կապված ՀՔԾ-ն երկու գործ է քննում, որից մեկը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ մյուսն էլ իշխանության ներկայացուցչի կողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Ի դեպ, հունվարի 13-ին Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել դատախազություն Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանքը վերացնելու, կամ այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատախազությունն, ամենայն հավանականությամբ, կմերժի պաշտպանի միջնորդությունը:

 

ՈՒՏՈՒՇ-ԽՄՈՒՇՆ ՈՒ ՍՈՎԱԾ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ
Երեկ բրիտանական հռչակավոր Դեյլի Մեյլ պարբերականը անդրադարձել է Գյումրու գազանանոցին՝ նշելով այստեղ պահվող կենդանիների սարսափելի վիճակի մասին: Հայտնի է, որ կուշտ ու ապահով Արեւմուտքում կենդանիները հաճախ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան մարդիկ: Ի դեպ, ասում են՝ երկու օր առաջ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Երեւանից ժամանած հյուրերի հետ ճոխ քեֆ է արել տեղի ռեստորաններից մեկում՝ նշելով իր ծննդյան տարեդարձը, ինչին հանրապետական մամուլը բավական լայնորեն անդրադարձավ: Չի բացառվում, որ եթե Դեյլի Մեյլի հոդվածը մի օր շուտ լույս տեսներ, սնունդի մնացորդները, կարող է, ուղարկվեին սոված կենդանիներին:
P. S. Զարմանալի է, որ Դեյլի Մեյլը, պատգամավորի ծնունդի նման իրադարձությունը թողած, ընկել է կենդանիների հետեւից:

 

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի բազմաթիվ տեղամասերում իշխանությունները պարտվել էին: «Ժողովուրդ»-ը ժամանակին կանխատեսել էր, որ պարտված տեղամասերի իշխանական պատասխանատուները ստիպված են լինելու «վարձահատույց» լինել իրենց խոստումը չկատարելու դիմաց: Արդեն լուրեր կան, որ այն թաղային հեղինակությունները, որոնք պարտավորվել են «այո» ապահովել, բայց իրենց խոստումը անհրաժեշտ չափով չեն իրականացրել, արդեն մեկ ամիս է իրենց «շեֆերին» բացատրություններ են ներկայացնում: Եղել են դեպքեր, երբ հանրաքվեից հետո պարզել են, որ մինչ այդ «լուծված» խնդիրը «ջրվել» է: Օրինակ՝ թաղապետարանից ավտոտնակի տեղ են խոստացել, բայց հանրաքվեից հետո ասել են՝ խնդիրը հնարավոր չի լուծել:




Լրահոս