ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած աշուն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախատեսված էր անցկացնել քաղաքապետի ընտրություններ, սակայն դրանք հետաձգվեցին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզկենտրոնում համայնքի ղեկավար կընտրեն այս տարվա ապրիլի 12-ին:

Այն, որ Հրազդանում ընտրությունները մշտապես թեժ են եղել, որեւէ մեկի մոտ կասկած չկա, քանի որ ամենաքաղաքականացված ընտրությունները եւ իրական մրցակցությունը հաճախ հենց այդ քաղաքում են եղել: Ընդ որում, վերջին ընտրությունները, երբ Արամ Դանիելյանն էլի քաղաքապետ դարձավ, կեղծիքների նոր մեխանիզմի գործադրման արդյունքում հաջողվեց միայն: Բայց պարզվում է՝ նրան չի մտահոգում այդ հանգամանքը. քաղաքապետը 12 տարուց ավել պաշտոնավարելով այդ համայնքում՝ դեռ չի հոգնել եւ կրկին հայտարարում է քաղաքապետ վերընտրվելու իր մտադրությունների մասին:
Նա ինչպես տեղական հեռուստաեթերից, այնպես էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է նորից առաջադրվել Հրազդանի քաղաքապետի պաշտոնում, քանի որ կիսատ թողած գործեր ունի: Հավանաբար դեռ տարածքներ կան վաճառելու, պետք է ավարտին հասցնի, նոր գնա:
Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Արամ Դանիելյանը չունի առաջվա հովանավորին՝ ի դեմս Կոտայքի մարզպետի: Նախկինում նրան «տերություն էր անում» Կովալենկո Շահգալդյանը, սակայն պապիկն այլեւս մարզպետ չէ, նրան ուղարկել են «պատվավոր հանգստի»՝ ՀՀ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով: Եւ նույնիսկ նրա այդ կարգավիճակը այլեւս չի կարող օգնել Արամ Դանիելյանին՝ կառավարության բարեհաճությունը հերթական անգամ ստանալու համար:
Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ամեն ինչ անում է՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր մտերիմին՝ Տիգրան Ներսիսյանին հասցնելու համար: Իսկ ո՞վ է այս երիտասարդը. նա 1999թ-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը: Հիդրոտեխնիկ է եւ հանրային ֆինանսների մագիստրոս: Ու քանի որ հայրը «ցեխավիկ» է եղել, որդին 2003-2012թթ. նշանակվել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, ապա մինչեւ 2014թ. եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ տնօրեն: Եւ, ինչպես իսկական «ցեխավիկի որդի», նաեւ Հրազդան քաղաքի ավագանու անդամ է եղել 2008-2012 թթ: Ավագանու պարտականությունները դադարեցնելուց հետո նա 2 տարի անգործ է մնացել եւ բախտի բերմամբ 2014թ. հունիսի 5-ին ԱԺ պատգամավոր է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով:
2 տարի ԱԺ-ում լինելով՝ Տիգրան Ներսիսյանը բառացիորեն ոչինչ չի արել՝ բացի կոճակ սեղմելուց: Նրա առաքելությունը սկսվել եւ ավարտվել է բացառապես մատի այդ շարժումով: Եւ հիմա նա ցանկանում է կոճակ սեղմելու իր գործառույթը Կարո Գուլոյանի օգնությամբ փոխել քաղաքապետի պաշտոնով: Իհարկե, վատ չեն մտադրությունները: Բայց ինչքանո՞վ է հավանական նրա հաղթանակը, մարզպետն ինչպե՞ս է օգնում նրան: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանեց, որ առանձնապես ինքը չի զգացել, թե ինչպես է մարզպետը ջանքեր գործադրում՝ Ներսիսյանին քաղաքապետ դարձնելու ուղղությամբ: «Նկատելի բան չեմ տեսել»,- ասաց քաղաքապետը՝ միաժամանակ մեզ խորհուրդ տալով այդ հարցով զրուցել մարզպետ Գուլոյանի հետ: Սակայն Գուլոյանը անհասանելի է՝ ինչպես հոլիվուդյան մի աստղ, որ հանրության առջեւ դուրս է գալիս հատուկ գրիմով, պատվիրված լուսանկարիչների ու օպերատորների նկարահանած կադրերի համար միայն: Նրա «օրիգինալ ձայնը» անգամ լսելի չէ: Դրա համար էլ մարզպետի պլանների մասին պաշտոնապես ոչինչ չկարողացանք ճշտել:
Բայց քաղաքապետ Արամ Դանիելյանը վճռական է տրամադրված. «Ես վստահ եմ, որ կանցնեմ, մինչեւ վերջ գնալու եմ»:
Տեղեկացնենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուների անուններ առաջիկայում եւս ի հայտ կգան՝ նախկին ու ներկա պատգամավորներ, պաշտոնյաներ եւ այլն: Ուշագրավն այն է, որ իշխող ՀՀԿ-ն այս համայնքի մասով դեռ որեւէ որոշում չունի: Միայն մի բան է հայտնի. Սերժ Սարգսյանը դեմ է լճացմանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարարության հունվարի 14-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել են Սյունիքի մարզի Քաշունիի, Տանձատափի, Տաթեւի, Հալիձորի, Շինուհայրի, Խոտի, Սվարանցի, Հարժիսի գյուղապետերի եւ ավագանիների անդամների լիազորությունները: Նույն որոշմամբ՝ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթեւի համայնքի ընտրատարածքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Սակայն գյուղապետերը նախապես տեղյակ չեն եղել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ մարզերի մի շարք համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքի՝ Տաթեւ անվանմամբ: Նոր գյուղապետեր ու ավագանիներ կընտրվեն նաեւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում (Դիլիջան քաղաք, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղեր), Լոռու մարզի Թումանյան համայնքում (Թումանյան քաղաք, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր գյուղեր): Նշված համայնքներում ընտրությունների համար կհատկացվի 27 մլն դրամ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզի Քաշունի համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Դուք այլեւս գյուղապետ չեք…
-Այո՛, հունվարի 14-ին կառավարությունը որոշել է դադարեցնել մեր՝ գյուղապետերիս լիազորությունները:
-Տեղյա՞կ էիք:
-Իհարկե ոչ, առանց մեզ տեղյակ պահելու են նման բան որոշել: Հիմա ով է ում հարցնում: Առաջիկայում մենք ընտրելու ենք մեր նոր գյուղապետին ու ավագանուն: Գոնե սպասեին այս աշուն իմ պաշտոնավարման ժամկետը լրանալու էր, այդ ժամանակ էլ կիրագործեին իրենց որոշումը:
-Որտեղի՞ց եք իմացել, որ Ձեր լիազորությունները դադարեցվել են:
-Հիմնականում հեռուստացույցից, հետո՝ մեկս մյուսի հետ խոսելու ժամանակ իմացանք: Մարդիկ կային, ովքեր ինտերնետից էին տեղեկանում ու զանգում էին մեզ, փոխանցում:
-Իսկ այս օրերին ո՞վ է զբաղվում գյուղի բնակիչների խնդիրներով:
-Եթե առիթ լինի կամ մեր համագյուղացուն մի տեղեկանք պետք լինի, կհարցնենք համապատասխան անձանց ու կասենք, որ այս մարդը էս հաշիվն ունի, ինչ անենք: Մի բան կասեն, էլի: Բայց նշեմ, որ այն գյուղը, որն ունի 100-ից ավել բնակիչ, լիազորված անձ է ունենալու, բայց մեր գյուղը փոքր է, իսկ բնակիչների թիվը՝ 4-9: Ամեն դեպքում, մի ամսից հետո պարզ կլինի, թե ինչ կգա մեր գլխին:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԳՈՐԾՈՎ
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ, 1973 թվականին ծնված Գագիկ Ալավերդյանին, 1972 թվականին ծնված Արտակ Մանուչարյանին, 1987 թվականին ծնված Հովհաննես Ղալթախչյանին, 1961 թվականին ծնված Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ առեւանգել են Աչաջրի բնակիչ, 1978 թվականին ծնված Մեխակ Մելիքբեկյանին:
Այս խմբի անդամներից Հովհաննես Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա Աչաջուրի բնակիչ Արթուր Մելիքբեկյանին ապօրինի իրացրել է ինքնալից որսորդական ակոսափող հրազեն եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված ռազմաթերք հանդիսացող փամուշտներ: Իսկ Սաշա Ղալթախչյանին, բացի այս, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը պահել ռազմամթերք հանդիսացող 18 հատ 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ: 4 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1.2 կետով («Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Չորս ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ: Հովհաննես Ղալթախչյանը Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է: Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ համարելով, որ իրականում Մեխակ Մելիքբեկյանի առեւանգում չի եղել: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 21-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԻՐԱՆԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Պատժամիջոցների չեղարկումից հետո Ռուսաստանի Դաշնությունում որպես ապրանքների մատակարար հանդես կգա Իրանը՝ փոխարինելով Թուրքիային, հայտնում է ՏԱՍՍ-ը: Տնտեսական քաղաքականության, ինովացիոն եւ ձեռներեցության զարգացման հարցով Պետդումայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովի խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում կակտիվանա: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարը հայտնել էր 2 երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մասին: Մասնավորապես, Իրանից բանջարեղենային մթերքներ կմատակարարվեն Ռուսաստանի Դաշնություն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի դեմ պատժամիջոցները հանվել են: Սակայն միեւնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն սպառնում են շարունակել պատժամիջոցները, եթե Իրանը չդադարեցնի միջուկային ծրագիրը:




Լրահոս