ԴԱՀԿ-Ն ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԳՈՒՄԱՐ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար:

Ինչպես հայտնի է՝ «կարմիր գծերի» տարածքում անվճար թույլատրվում է ավտոմեքենա կայանել մինչեւ 15 րոպե: Իսկ դրանից ավել կայանելու դեպքում ավտոմեքենայի սեփականատերը ենթարկվում է 5 հազար դրամ վարչական տույժի: «ժողովուրդ»-ի տրամադրության տակ եղած փաստերն ապացուցում են, որ նշված 5 հազար դրամ գումարը չվճարելու դեպքում քաղաքապետարանի գրության հիման վրա ԴԱՀԿ-ն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ կատարողական վարույթներ է հարուցում` նրանցից պահանջելով վճարել 7 հազար 500 դրամ:
Այս խնդրով «Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի բնակիչ Սարգիս Պետրոսյանը, ով պատմեց, որ ամիսներ առաջ ինքը «Փարքինգ սիթի» ավտոկայանատեղիներում սահմանված 15 րոպեից ավել է կայանել, չի վճարել եւ 5000 դրամի չափով տուգանվել է: «Մի քանի ամիս անց ծանուցում եմ ստանում այն մասին, որ պետք է վճարեմ 7500 դրամ: Ի դեպ, ծանուցում ստանալիս արդեն ԴԱՀԿ-ի կողմից իմ դրամական հաշիվները կալանքի տակ են եղել: Ծանուցման մեջ նշված էր, որ 3 օր կալանքի տակ է մնալու, մինչեւ 7500 դրամ վճարելը: Նշեմ, որ ծանուցումը ստացել եմ դեկտեմբերի 14-ին, իսկ կալանքի տակ իմ դրամական հաշիները գտնվել են դեկտեմբերի 8-ից: Եւ 7500 դրամ վճարելուց ավելի քան երեք օր հետո միայն կալանքի տակից հանվել են դրամական հաշիվները»,- վրդովված պատմեց «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին:
Սակայն այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ այդ կատարողական թերթում նշված չէ, թե այդ գումարը ի՞նչ դատական ակտի հիման վրա է ենթակա բռնագանձման: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԴԱՀԿ եւ հետաքրքրվեց. թե ինչու են առանց դատարանի ուժի մեջ մտած վճռի կատարողական վարույթներ հարուցում եւ գումար բռնագանձում քաղաքացուց: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ից ի պատասխան մեր հարցի՝ հղում կատարեցին «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին: Իսկ ի՞նչ է գրված այնտեղ. նշված հոդվածի 1-ին կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա…»:
Այսինքն՝ իրենց իսկ կողմից մատնանշված օրենսդրության նորմերը սահմանում են, որ բռնագանձման համար պիտի լինի դատական ակտ: Բայց այս կառույցը դա անում է առանց դատական ակտի: Այս խնդիրը ոչ բոլոր քաղաքացիների կողմից է բարձրաձայնվում, քանի որ խոսքը 5 հազար դրամ տուգանքի մասին է: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի 5000 դրամ տուգանքի համար չի դիմի դատարան՝ բողոքարկելու այս գործողությունները: Ավելին՝ դատական գործընթացը, քաշքշուկը տասն անգամ ավելի թանկ կնստի քաղաքացու գրպանի վրա, քան այդ 5000 դրամ տուգանքը:
Այնուամենայնիվ, մեզ մնում է եւս մեկ անգամ փաստել, որ պետք է լինի դատական վճռով տրված կատարողական թերթ: Եթե չկա դատական վճիռ, չի կարող տրվել կատարողական թերթ, հետեւաբար հնարավոր չէ դրամական պահանջ ներկայացվել:
Այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստացանք նաեւ «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանից, ով ասաց. «Ընկերությունը ոչ ոքի չի տուգանում եւ ոչ մի իրավական հիմք չունի տուգանելու: Մենք Երեւանի քաղաքապետարանի հետ ունենք պայմանագիր եւ դրա շրջանակներում էլ ծառայություն ենք մատուցում: Ծառայությունը սահմանափակվում է կահավորումով եւ ապացույցներ ներկայացնելով: Իսկ տուգանքի նշանակում, արձանագրություն, որոշում, բոլոր իրավական գործընթացները կատարում է Երեւանի քաղաքապետարանը:
Իսկ ի՞նչ իրավական հիմքով է Երեւանի քաղաքապետարանը վճարովի կայանատեղիներում ավտոմքենաների սահմանվածից ավել կայանման համար վարչական տույժ նշանակելուց հետո կատարողական թերթ ուղարկում ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացրին, որ քաղաքապետարանը կայանատեղի տեղական տուրքը վճարած չլինելու փաստերով կայացված վարչական ակտերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն հարկադիր կատարման նպատակով ներկայացնում է ոչ թե կատարողական թերթեր, այլ անբողոքարկելի դարձած վարչական ակտեր:
Ըստ քաղաքապետարանի՝ նշված գործողության համար իրավական հիմք են հանդիսանում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, համաձայն որի՝ վարչական բողոք կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում եւ նույն օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ կետը՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում: Մինչդեռ ՀՀ նոր Սահմանադրության 60-րդ` սեփականության իրավունքը հոդվածի 4-րդ կետի «Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»: Նշենք, որ նույն ձեւակերպումն առկա է նաեւ ՀՀ հին Սահմանադրության 31-րդ հոդվածում:
Հ.Գ «Ժողովուրդ»-ը քաղաքապետարանից հետաքրքրվել էր նաեւ, թե նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում քանի՞ նման կատարողական թերթ է ուղարկվել ԴԱՀԿ: Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ ԴԱՀԿ է ներկայացվել թվով 22 հազար 365 վարչական ակտ: Եթե ներկայացված վարչական ակտերի թիվը՝ 22 հազար 365-ը, բազմապատկենք 7500 դրամ տուգանքով, ապա կստացվի, որ առնվազն 168 մլն դրամի բռնագանձում է իրականացվել նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԳԱՆՁԱՊԵՏԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
Դիլիջանի բնակիչ, 1979թ. ծնված Դերենիկ Թուխիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ֆինանսական մասի պետ-գանձապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ կատարել է զգալի չափով յուրացում. 2015թ. սեպտեմբերին զորամասում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցած անձնակազմի՝ իրեն վստահված դրամական բավարարումից 56 հազար դրամը հափշտակել է եւ օգտագործել իր անձնական կարիքների համար: Դ. Թուխիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դ. Թուխիկյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, ինչը բավարարվել է: Դատարանը պատիժ նշանակելիս Դ. Թուխիկյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարել նրա խնամքին մինչեւ 14 տարեկան երկու անչափահաս երեխաների առկայությունը, պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելը, այն, որ նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, ծառայության ընթացքում արժանացել է խրախուսանքների, ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար: 2016թ. հունվարի 13-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Դերենիկ Թուխիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի:

 

ՌՈՒԲԼՈՒ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով խիստ նվազել է ռուսական ռուբլու փոխարժեքը: Դա իր ազդեցությունն է թողել նաեւ ՀՀ վրա: Տավուշի մարզում ապրում են ՌԴ հայազգի քաղաքացիներ, ովքեր կենսաթոշակառու են: Նախկինում նրանց ստացած թոշակի չափը բավարար էր եթե ոչ բարեկեցիկ, ապա նորմալ ապրելու համար: Հիմա, սակայն, ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը դժվարությունների է մատնել այդ մարդկանց: Նրանք իրենց թոշակի ռուբլիները դրամի վերածելուց հետո տեսնում են, որ թոշակի գումարը էապես նվազել է: Այդ կենսաթոշակառուները ստիպված են ծախսերը կրճատել, «ձգել գոտիները»: Ռուբլու փոխարժեքի անկումը խառնել է շատ «խոպանչիների» պլանները: Նրանց մեծ մասն աշխատում է ՌԴ շինարարական օբյեկտներում, կառուցում կամ նորոգում է տարբեր շենքեր: ՌԴ շինարարական բիզնեսում աշխատուժի մեծ մրցակցություն կա: Հայերից առավել էժան աշխատուժ են տաջիկները, ուզբեկները, ուկրաինացիները եւ այլք: Այնուամենայնիվ, Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ թողել են ՌԴ-ում արտագնա աշխատանքը, քանի որ իրենց վաստակած ռուբլիները դրամի վերածելուց հետո մեծ գումար չեն ստանում: ՌԴ-ից վերադարձածների մի մասը ՀՀ բանակում պայմանագրային զինծառայության է անցել: Չնայած պայմանագրային զինծառայողների աշխատավարձն էլ բարձր չէ, սակայն գոնե թույլ է տալիս ամսվա կեսը հարազատ ընտանիքի հետ լինել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս