Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հույս հայտնեցին, որ ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը և այնտեղ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետերը կարող են որոշիչ նշանակություն ունենալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցների ճակատագրի հարցում:
Ինչպես հայտնի է, վաղը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում երկու հայկական զեկույց կա, որոնցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մյուսը` Սարսանգի ջրամբարին:
Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ այս ընթացքում եվրոպացի գործընկերների հետ տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել: «Սա վտանգում է 25-ամյա աշխատանքը: Կա մանդատ, և դրա ցանկացած ձևակերպում, որը դուրս է մնում մանդատից, վտանգում է խաղաղ գործընթացը: Շատ կարևոր է, որ Մինսկի խմբի արձագանքը եղավ: Վաղը կտեսնենք… չշտապենք», – ընդգծեց նա:
Աղվան Վարդանյանը ևս ընդգծեց, որ այս օրերին հետևողական աշխատանք է տարվել եվրոպացի գործընկերների հետ: Նա նաև հայտարարեց, որ այսպիսի մեծ աշխատանք բոլորի կողմից չէր կատարվել: «Գուցե, նաև ինչ-որ տեղ թերագնահատվել է բանաձևերի նշանակությունը: Ես միշտ ասել եմ, որ պատվիրակության անդամների մեղադրանքների հետ համաձայն չեմ: Պետք է կարողանայինք ավելի համակարգված աշխատել», – եզրափակեց նա:
Հավելենք, որ վերջին շրջանում ԵԽԽՎ հակահայկական զեկույցները չանցկացնելու նպատակով Ազգային ժողովի մեծ թվով պատգամավորներ աշխատանքային տարբեր գործուղումների ժամանակ հանդիպումներ են ունեցել իրենց եվրոպացի գործընկերների հետ, փորձել նրանց միջոցով որևէ կերպ կանխարգելել այդ զեկույցների ընդունումը: Թե որքանով է դա հաջողվել, պարզ կդառնա վաղը:
Մանրամասները` տեսանյութում.